26/01/2022 18:55
Մշակույթի գործիչ Ռուբեն Հովհաննիսյանը Հիսուսի արձանի կառուցման նախագիծ է ներկայացրել (Տեսանյութ)
Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնությանը, որով հանդես է եկել Գագիկ Ծառուկյանը, արձագանքել են ոչ միայն բազմաթիվ ճարտարապետներ, նախագծողներ ու քանդակագործներ, այլև մշակութային գործիչներ, մտավորականներ, որոնք տարբեր գաղափարներ են առաջարկել, թե քրիստոնեությունն առաջին ընդունած երկիրը ինչպիսի հուշարձան պետք է ունենա։
Այսպիսի գաղափար ու նախագիծ է ներկայացրել նաև մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը։
«Գագիկ Ծառուկյանի այս նախաձեռնությունը համախմբման և միաբանության ծրագիր է»,- Հայաստանում Փրկչի արձանը կառուցելու վերաբերյալ իր կարծիքն է հայտնել մտավորականը։
Նա հուշարձանային համալիր կառուցելու առաջարկով է հանդես եկել։
Համալիրն իր մեջ ամփոփելու է աստվածաշնչյան փիլիսոփայությունը, աշխարհի քրիստոնյաներին միաբանելու խորհուրդ է կրելու և կարող է ուխտագնացության վայր դառնալ։
Հուշարձանային համալիրը երեք հարթակ է ունենալու ․ առաջինում Քրիստոսի կյանքն ու ծնունդը պատկերող հարթաքանդակներ են լինելու, երկրորդում՝ քարանձավ, երրորդում տեղադրվելու են Սուրբ Խաչը և Քրիստոսի արձանը։
«Մեծ Թուրանի ծրագիրն է՝ քարտեզի վրայից ջնջել Հայաստանը։ Մենք պետք է չլինենք, որպեսզի իրենց Մեծ Թուրանի ծրագիրը լինի։ Գուցե այս արձանն էլ խթան հանդիսանա՝ քրիստոնյա աշխարհի հավաքագրման»,- նշել է մշակութային գործիչը։
Ռուբեն Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ իր առաջարկած նախագիծը քննարկել է Գագիկ Ծառուկյանի հետ, իրենց մոտեցումները համընկել են, Գագիկ Ծառուկյանն իր կողմից էլ առաջարկներ է ներկայացրել։
Մանրամասները՝ տեսանյութում