26/01/2022 19:05
Եթե անվտանգության երաշխիքների առաջարկներին ԱՄՆ-ն կառուցողական չպատասխանի, Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի․ Լավրով
Ռուսաստանն անհրաժեշտ կերպով կարձագանքի, եթե Արևմուտքից կառուցողական պատասխան չստանա անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում։
«Եթե կառուցողական պատասխան չլինի, և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ քաղաքական գիծը, ապա Մոսկվան, ինչպես բազմիցս հայտարարել է ՌԴ նախագահը, անհրաժեշտ պատասխան քայլեր կձեռնարկի։ Ամեն դեպքում, բոլորը պետք է հաշվի առնեն, որ ՌԴ-ի և նրա քաղաքացիների անվտանգությունն առաջնահերթություն է, և այդ անվտանգությունը հուսալիորեն կապահովվի բոլոր հանգամանքներում»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն Ռուսաստանին հավաստիացրել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին կպատասխանի այս շաբաթվա ընթացքում, իսկ Մոսվան թույլ չի տա, որպեսզի Արևմուտքը գործընթացը ձգձգի՝ անվերջ քննարկումներով։
«Կախված նրանց պատասխանի բովանդակությունից, մենք մեր այլ գերատեսչությունների գործընկերների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկներ կներկայացնենք՝ հետագա քայլերի վերաբերյալ։ Ձգձգել մեր նախաձեռնությունն անվերջ քննարկումներով, իսկ նման միտում ակնհայտորեն նկատվում է, մենք թույլ չենք տա»,- ասել է Սերգեյ Լավրովը։
Նա կրկին ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 21-ին Ժնևում կայացած հանդիպման ժամանակ ռուսական կողմին հավաստիացրել է, որ Վաշինգտոնը այս շաբաթ Մովկային կփոխանցի գրավոր պատասխան՝ ներառող ԱՄՆ-ի դիրքորոշումը։