26/01/2022 20:36
Մեր հարևան երկրներում գործում են ամերիկյան, ընդ որում՝ Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաներ․ հասկանալ, թե ինչ է այնտեղ կատարվում, շատ-շատ բարդ է․ Լավրով
Ռուսաստանն ավարտում է հարևան երկրների հետ բանակցությունները՝ նրանց տարածքում գործող կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու շուրջ, ինչը բխում է ընդհանուր անվտանգության շահերից ,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում։
«Մեր հարևան երկրների մեծ մասում գործում են ամերիկյան, ընդ որում՝ Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաներ։ Հասկանալ, թե ինչ է այնտեղ կատարվում, շատ-շատ բարդ է, և մենք այժմ ավարտում ենք բանակցությունները մեր բոլոր այն հարևան երկրների հետ, որտեղ գործում են այդպիսի լաբորատորիաներ, որպեսզի դրանք թափանցիկ և բաց ռեժիմով աշխատեն, որպեսզի այնտեղ չլինեն օտարերկրյա զինվորականներ»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը դուրս է գալիս բժշկության կամ առողջապահության համակարգի շրջանակներից։
Լավրովի խոսքով՝ սա այն հարցերից է, որը պետք է հետխորհրդային տարածքում գործող միավորումներին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին, մղի համագործակցության։
«Մենք պետք է ավելի ակտիվ, ավելի կրեատիվ գործենք, և որպես ԵԱՏՄ ամենախոշոր երկիր՝ Ռուսաստանը գիտակցում է իր պատասխանատվությունը՝ այդ համագործակցությունն արդյունավետ զարգացնելու գործում»,- ասել է Սերգեյ Լավրովը։