27/01/2022 19:48
Եվրոպան ինքնուրույն քաղաքականություն չի վարի, մինչև չազատվի ՆԱՏՕ-ի կապանքներից․ Մեդվեդև
Եվրոպական երկրներն ինքնուրույն քաղաքականություն չեն վարի և ԱՄՆ-ից կախման մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ ՆԱՏՕ-ի կապանքների տակ են, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Հարցին՝ ԵՄ-ն երբևէ կհրաժարվի՞ ԱՄՆ-ից կախված քաղաքականություն վարելուց, Մեդվեդևը պատասխանել է․ «Կարծում եմ՝ չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ Եվրոպան ՆԱՏՕ-ի կապանքների տակ է»։
Մեդվեդևը նշել է, որ այնուհանդերձ, եվրոպական պետությունները երբեմն բարձրաձայնում են ԱՄՆ-ի սխալների մասին ու փաստում, որ իրենք պետք է ավելի ինքնուրույն գործեն, սակայն այդ մասին հիմնականում խոսում են խոշոր պետությունները, փոքրերն այլ բան են ասում կամ «վասալի» պես լսում են «տիրակալների» խոսքերը։
«Ամեն դեպքում, քանի դեռ եվրոպական պետությունները հյուսիսատլանտյան միասնության կապանքների տակ են, չեն կարողանալու ինքնուրույն քաղաքականություն վարել»,- ասել է Մեդվեդևը։
Դա, նրա բնորոշմամբ, «բժշկական փաստ» է։
«Հարցն այն չէ՝ դա մեզ դուր է գալիս, թե ոչ, սակայն շատ որոշումներ, այդ թվում՝ տնտեսական, օվկիանոսից այն կողմ են ընդունվում»,- նշել է Մեդվեդևը։