27/01/2022 18:40
Հայաստանը հանձնառու է ընդլայնել Իսպանիայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ:
«1992թ․ այս օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։
Այս 3 տասնամյակների ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։ Մեր գործընկերային հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից։
Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը, որն իր նպաստն է բերում երկրի հասարակական կյանքին։
Հայաստանը հանձնառու է ընդլայնել Իսպանիայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով և բարձր է գնահատում Իսպանիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման գործում։
Այս հոբելյանական օրը Իսպանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։