27/01/2022 21:43
Սիրիայի դատախազությունը ամերիկյան ուժերի ներկայությունը երկրում որակել է որպես «օկուպացիա»
Սիրիայի տարածքում ամերիկյան զինուժի ներկայությունը օկուպացիա է հանդիսանում և հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքներին, հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության զինվորական դատախազությունը։
«Սիրիայի տարածքում ամերիկյան ներկայությունը միջազգային իրավունքի նորմերին չի համապատասխանում և կարող է բնորոշվել միայն որպես օկուպացիա։ ԱՄՆ-ն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Սիրիայի զինդատախազությունն ընդգծել է, որ իրենց օրենսդրությունը մեծ հնարավորություններ է տալիս հետապնդել Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի վարած գործունեության հետ կապ ունեցողներին՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք Սիրիայի քաղաքացիներ են, թե օտարերկրացիներ։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ալ-Հասաքայում տեղի ունեցած իրադարձությունները միտված են տարածաշրջանն ԱՄՆ-ի տիրապետության տակ հնարավորինս երկար պահելու ծրագրի իրականացմանը։
նշենք, որ ԱՄՆ-ն, ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով, շարունակում է ներկայություն ապահովել Սիրիայի հյուսիսային նահանգներում՝ առանց տեղի իշխանությունների համաձայնության։ Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտոնական գերատեսչությունների հայտարարությունների համաձայն, ամերիկյան զինվորականները վերահսկում են երկրի խոշորագույն հանքավայրերը, որտեղից սիրիական նավթն ու գազը հասցնում են Իրաքում տեղակայված իրենց բազաներ։