27/01/2022 20:29
ՆԱՏՕ-ի 5 ոչ միջուկային պետություններում ամերիկյան 200 միջուկային ռումբ է պահվում․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներն ուսումնասիրելիս դիտարկել նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ամերիկյան միջուկային զենքն ԱՄՆ-ի տարածք վերադարձնելու հարցը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման բաժնի տնօրեն Վլադիմիր Երմակովը։
«Մենք պնդում ենք, որպեսզի ՆԱՏՕ-ի «համատեղ միջուկային առաքելությունները» անմիջապես դադարեցվեն, ամերիկյան միջուկային զենքը վերադարձվի ԱՄՆ տարածք, իսկ ենթակառուցվածքները՝ ապահովող միջուկային զենքի արագ տեղակայումը, չեզոքացվեն։ Սա Վաշինգտոնին ներկայացված միջոցառումների փաթեթի տարրերից մեկն է՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ մեր առաջարկների համատեքստում»,- ասել է Երմակովը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի 5 պետությունում, որոնք համարվում են միջուկային զենք չունեցող երկրներ, «պահվում է В61 տեսակի ամերիկյան միջուկային մոտ 200 ավիառումբ»։ Ընդ որում, Հյուսիսատլանտյան դաշինքը միջուկային զենքի օպերատիվ կառավարման հնարավորություն ունի, այդ միջուկային զենքը կարող է խոցել ՌԴ-ի համար ռազմավարական նշանակության թիրախներ։
«ՆԱՏՕ-ի երկրներում առկա ենթակառուցվածքը թույլ է տալիս օպերատիվորեն կառավարել միջուկային զենքը, այն ունակ է հասնել ՌԴ տարածք և խոցել բազմաթիվ թիրախներ, այդ թվում՝ ռազմավարական»,- ասել է դիվանագետը։
Երմակովը հավելել է, որ ՆԱՏՕ-ն ոչ միջուկային երկրներին ներգրավում է Ռուսաստանի դեմ ամերիկյան միջուկային զենքի փորձարկման վարժանքներին։
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները համագործակցում են համատեղ միջուկային պլանավորման գործընթացում, իրականացվում են ՆԱՏՕ-ականների «համատեղ միջուկային առաքելություններ», որոնց շրջանակում դաշինքի ոչ միջուկային երկրներին ընդգրկում են Ռուսաստանի դեմ ամերիկյան միջուկային զենքի փորձարկման վարժանքներին»,- հայտարարել է Երմակովը։