28/01/2022 17:26
Հերթական արհեստական օրակարգն է․ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը ստեղծվել է հանրության ուշադրությունը շեղելու նպատակով․ Գոհար Մելոյան
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման նպատակների վերաբերյալ «Հրապարակ»-ը զրուցել է սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։
Հրապարակումը՝ ստորև․
«Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին շատ հաճախ մեղադրում էր իրենց հագով սահմանադրություն կարելու մեջ։ Սակայն իշխանության գալով, ինչպես տեսնում ենք, ինքը սկսեց օրենսդրական և սահմանադրական փոփոխություններ անել, որոնք հաճախ պատճառաբանված չեն և բխում են բացառապես իշխանությունների շահերից։
Ինչպես տեղյակ եք, օրերս վերջնականապես ձևավորվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նոր կազմը՝ հինը ցրեցին, նորը ձևավորեցին։ Եվ եթե անցյալ տարի խոսվում էր կառավարման համակարգը փոխելու մասին, և ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ նախագահական կամ կիսանախագահական համակարգն ավելի ճիշտ է մեզ համար, ազդարարում էր, որ շուտով անցնելու ենք հին կառավարման համակարգին, ապա օրերս իր ասուլիսին ճիշտ հակառակ հայտարարությունն արեց՝ նշելով, որ անձամբ իր կարծիքով՝ կառավարման համակարգը հաճախ փոխելը լավ չէ, պետք է հնարավորություն տալ, որ խորհրդարանական համակարգն «աշխատի»։ Այդ պարագայում ի՞նչ իմաստ ուներ նոր հանձնաժողով ձևավորելը, պարզ չէ։ Նա բացատրում է՝ Սահմանադրությունն «աուդիտ անելու» կարիք կա՝ անհամապատասխանությունները, բացերը ծածկելու։
Սահմանադրությունը փոխողների կամ «աուդիտ» անողների կազմն էլ է հայտնի՝ Դանիել Իոաննիսյան, Վահագն Հովակիմյան, իրեն ընդդիմադիր հռչակած Էդմոն Մարուքյան և այլ մերձիշխանական շրջանակների ներկայացուցիչներ։ Թե իրականում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ինչու է ստեղծվել, և ինչ կարող են անել այդ կազմում ներառված վերոնշյալ անձինք, այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ սահմանադրագետ Գոհար Մելոյանից։
«Չանձնավորելով որևէ մեկին, պետք է փաստենք, որ այդ հանձնաժողովում ներառված անձանց գործունեությունը բավականին անփառունակ է։ Այն հանգամանքը, որ մենք բազմիցս տեսել ենք հակասահմանադրական սահմանադրական փոփոխությունները, որոնք մեկ օրվա ընթացքում տեղի ունեցան այս իշխանությունների թեթև ձեռքով, և չնայած, որ մասնագիտական հանրությունը բազմիցս տվել է իր քննադատական գնահատականները, այնուամենայնիվ, մենք տեսանք բազմաթիվ հակասահմանադրական գործընթացներ։ Այս իշխանություններն անվերջ փորձում են առաջնահերթ դարձնել սահմանադրական փոփոխությունների հարցը։ Անխոս, եթե գործ ունենայինք փոքր-ինչ բովանդակային ուժի հետ, կարելի էր ենթադրել, որ այս ամենն արվում է վերարտադրման նպատակով։ Սակայն ես կարծում եմ, որ սա հերթական արհեստական օրակարգն է, որը չունի որևէ բովանդակություն։ Այսօր տասնյակ օրակարգային հարցեր կան, որոնք անհամեմատ ավելի կարևոր են։ Վերոնշյալ կազմը ստեղծվել է հանրության ուշադրությունը շեղելու նպատակով», - նշեց սահմանադրագետը։
2015 թվականին, երբ Սերժ Սարգսյանը Սահմանադրություն էր փոխում, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում էր անգամ կարծիք հայտնելուց դրա մասին՝ հայտարարելով, որ դա կեղծ, արհեստական օրակարգ է, և ինքը չի պատրաստվում այդ օրակարգին մասնակցություն ունենալ։
Մելոյանի կարծիքով՝ գործող իշխանություններն արդեն մեկ անգամ ձախողել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեությունը։
«Դեռ պատերազմից առաջ ձևավորվել էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, սակայն այդ հանձնաժողովի գործունեությունը դադարեցվեց, որովհետև կազմում ներառված գիտնական անդամները հրաժարվեցին համագործակցությունից՝ այդ կազմի հետ։ Նախկինում սահմանադրական փոփոխություններ տեղի են ունեցել 10 տարին մեկ։ Հանձնաժողովները կազմված են եղել բացառապես գիտնականներից»»։