28/01/2022 19:32
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել հանդիպել բոլոր այն անձանց, ում գերեվարման փաստը պաշտոնապես հաստատված է իրենց կողմից։ Նրանց թվում են ինչպես 2020–ի պատերազմի, այնպես էլ 2021թվականի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման հետևանքով գերեվարվածները։
«Տեսակցությունների շրջանակում նաև հնարավորություն է տրվել հարազատների հետ կապ հաստատել»,– հայտնել է Ամատունին` հավելելով, որ խոսքը թե՛ նամակների փոխանակման, թե՛ տեսագրված ուղերձների ու նաև հեռախոսազանգերի մասին է։
ԿԽՄԿ ներկայացուցիչը չի հստակեցրել, թե որ օրն է տեղի ունեցել հանդիպումը։
«Քանի որ դրանք առանձնազրույցներ են, հասկանալի է, որ խոսքը մեկ օրվա աշխատանքի մասին չէ, մի քանի օրերի ընթացքում է տեղի ունեցել։ Իսկ քանի որ նման հանդիպումների պարբեականությունը ամսական է, մենք ուղղակի հունվար ենք նշում` առանց օրը հստակեցնելու։ Հունվարը նշում ենք որպես հերթական ամիս, երբ մեզ հերթական հանդիպման հնարավորությունն է տրվել»,– ասել է Ամատունին։
Հաջորդ նման հանդիպումը, ըստ հաստատված պարբերականության, կկայանա փետրվարի ընթացքում։
Թե ինչ հոգեբանական ու ֆիզիկական վիճակում են գտնվել Ադրբեջանում պահվող գերիները, ԿԽՄԿ–ն չի հրապարակում։ Զառա Ամատունու խոսքով` դա փակ տեղեկություն է, որը ներկայացվում ու քննարկվում է երկու երկրների իշխանությունների հետ։