28/01/2022 20:45
ՆԱՏՕ-ն չի ցանկանում, որ Եվրոպայում զինված հակամարտություն լինի․ Ստոլտենբերգը հարցազրույց է տվել ռուսական ռադիոկայանին
Հյուսիսատլանտյան դաշինքը շահագրգռված չէ, որ Եվրոպայում զինված հակամարտություն լինի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ «էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում։
«ՆԱՏՕ-ն չի ցանկանում, որ Եվրոպայում նոր զինված համակարտություն ծավալվի, մենք խաղաղություն ենք ուզում։ Եվրոպայում նոր զինված հակամարտությունը չի բխում նաև ռուս ժողովրդի շահերից»,- ասել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում ցանկանում են բանակցել Ռուսաստանի հետ։
«Մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ազնիվ ու բարեխիղճ, ըստ էության բանակցությունների։ Պատրաստ ենք քննարկել Ռուսաստանի մտահոգությունները»,- ասել է Ստոլտենբերգը։
Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին ՆԱՏՕ-ի տված պատասխանում նշված են մի շարք հարցեր, որոնց շուրջ կողմերը կարող են ընդհանուր հայտարարի գալ։ Խոսքը վերաբերում է նաև սպառազինությունների վերահսկմանը։
«Մի քանի օր առաջ մենք ռուսական կողմին ենք փոխանցել մեր գրավոր առաջարկները, նշել ենք մի շարք հարցեր, որտեղ կարող ենք ընդհանուր շահեր գտնել՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողություն, ռազմական միջոցառումների թափանցիկություն, ռիսկերի նվազեցում»,- ասել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ ՌԴ-ն ու Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է վերականգնեն դիվանագիտական շփումները՝ ընդհանուր քաղաքական լուծման հանգելու համար։
«Մենք գտնում ենք, որ պետք է վերականգնել դիվանագիտական շփումները, հանդես գալ առաջարկներով, որտեղ մենք Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի քաղաքականության մեջ ընդհանուր բան կարող ենք գտնել, որովհետև ոչ մեկի շահերից չի բխում նոր ռազմական հակամարտություն զարգացնելը»,- ասել է Ստոլտենբերգը։