28/01/2022 18:42
Թուրքիան պահանջելու է, որ Հայաստանը ճանաչի Կարսի պայմանագիրը, ինչը նախկին որևէ իշխանություն չի արել․ Ռուբեն Մելքոնյան
Հայաստանի Հանրապետությունն, այո՛, երբեք Թուրքիայի Հանրապետությանը հողային պահանջ չի ներկայացրել, բայց նաև երբեք չի ճանաչել 1921 թվականի Կարսի պայմանագիրը, ասուլիսում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Փաշինյանը հունվարի 24-ի մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ենթատեքստում հնարավո՞ր է, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի Հայ դատից և ընդհանրապես սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմաններին, հայտարարել էր, որ Հայ Դատը երբեք չի եղել ՀՀ պետական քաղաքականության մաս, իսկ Հայաստանը Թուրքիայից տարածքային հավակնություններ չունի։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նկատել է, որ իշխանությունների կողմից տարվում է պարզ մանիպուլյացիա ։
«Հայաստանի Հանրապետությունն, այո՛, երբեք Թուրքիայի Հանրապետությանը հողային պահանջ չի ներկայացրել։ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել 1921 թվականի Կարսի պայմանագիրը։ Ինչո՞ւ Կարսի պայմանագիրը մենք չենք ճանաչում․ քանի որ անօրինական պայմանագիր է, քանի որ ստորագրող կողմերը՝ Թուրքիան և Բոլշևիկյան Ռուսաստանը, միջազգայնորեն ճանաչված պետություններ չեն եղել։ Կարսի պայմանագիրը լի է անօրինականություններով․ տարբեր տարածքներ՝ մայրաքաղաք Անին, Սուրմալուն և այլն, Թուրքիային են կցվել առանց որևէ իրավական հիմնավորման, նույնիսկ Ստալինը 1945 թվականին հայտարարել է, որ այդ պայմանագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը թույլ էր։ Հայաստանն այդ գիծն է շարունակում, և մենք չենք ճանաչել Կարսի պայմանագիրը»,- ընդգծել է Մելքոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան բարդույթ ունի՝ «Կարսի սինդրոմ», տարբեր տարիներին փորձել է հասնել Կարսի պայմանագրի ճանաչմանը և անօրինականորեն խլված հողերի օրինականացմանը։
«Այսօր խնդիրն այն է, որ Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը ճանաչի Կարսի պայմանագիրը։ Այսօրվա իշխանություններն ասում են՝ որևէ խնդիր չկա, նախկինում էլ մենք պահանջ չենք ներկայացրել»,- նշել է թուրքագետն ու հավելել, որ եթե վաղն այս իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների արդյունքում ճանաչի Կարսի պայմանագիրը, ապա փորձելու են ներկայացնել, թե «նախկիններն էլ էին ճանաչում», իսկ այժմ իրենք շարունակում են։
«Սա սուտ է, սա կեղծիք է։ Այստեղ տարբերություններ կան՝ «Կարսի պայմանագիր» եզրույթը և «տարածքային ամբողջականություն» եզրույթը տարբեր բաներ են։ Նույնիսկ Ցյուրիխյան արձանագրություններում դրված է եղել ոչ թե Կարսի պայմանագիրը, այլ, որ Հայաստանը ճանաչում է գոյություն ունեցող սահմանները։ Գոյություն ունեցող սահմանները կարող ես ճանաչել, քանի որ այնտեղ սահմանային անցակետ պետք է դրվի, բայց դրանով չես զրկում քո ժողովրդին, քո պետությանը՝ հետագայում հայտարարելու, որ այս անօրինականությանը երբեք համաձայնություն չենք տվել։ Փաշինյանը սուտ տեղեկություններ է փոխանցում հանրությանը»,- ընդգծել է թուրքագետը։