28/01/2022 19:07
Բանակի հրամանատարական կազմին պետք է ամենաբարձր որակի կրթությամբ ապահովել. ռազմական փորձագետ
Հայկական բանակի երբեմնի մարտունակության վերականգնման մասին այս փուլում բարդ է խոսել, բայց նոր մարտահրավերներով պայմանավորված՝ պետք է միշտ առաջ նայել։ Մենք չպետք է ապրենք լոկ Զինված ուժերի մասին նախկին հիշողություններով, այլ պետք է առաջնորդվենք հինգերորդ և ավելի բարձր սերնդի բանակային նորարարություններով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք բանակի սպայական կազմի որակի վրա։ Խոսքը, մասնավորապես, հրամանատարական կազմի մասին է։ Հրամանատարական կազմին պետք է ամենաբարձր որակի կրթությամբ ապահովել՝ ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ միջազգային լավագույն ռազմական ուսումնական հաստատություններում»,- ասաց մեր զրուցակիցը։
Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական բանակի երբեմնի փառքը վերադարձնելու գործում պակաս կարևոր չէ նաև ճիշտ սպառազինության ձեռքբերումը։
Մասնավորապես, ըստ ռազմական փորձագետի, պետք է տրվել ոչ թե թանկ սպառազինություն ձեռք բերելու գայթակղությանը, այլ շեշտը դնել ճիշտ զինատեսակներ գնելու վրա։
«Սա նշանակում է, որ պետք է առաջնորդվել հինգերորդ սերնդի պատերազմների տրամաբանությամբ և ձեռք բերել այնպիսի զինատեսակներ, որոնք առաջին հերթին կապահովեն լիակատար պաշտպանվածություն, իսկ այնուհետև կլուծեն բանակի առջև դրված խնդիրները։ Թերևս, այս երկուսը ես շատ եմ կարևորում»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը։