28/01/2022 21:27
Զինված ուժերում գործ չի արվում. բանակն ուղղակի ստանդարտ կերպով գլորվում է առաջ. Մհեր Հակոբյան
Հայկական բանակին խոր հայեցակարգային բարեփոխումներ են անհրաժեշտ, որոնք իրենց մեջ կընդգրկեն ամեն ինչ՝ սկսած մարտական ձեռագրից, վերջացրած կառավարչական և թիկունքային ապահովման հարցերով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։
Նա նշեց, որ գոնե այս փուլում բանակի բարեփոխումներին միտված քայլեր չի տեսնում։
«Այս պահին բանակում գործ չի արվում։ Ես որևէ գործ չեմ տեսնում։ Թող ասեն՝ «Հարգելի՛ Մհեր, այս գործն արել ենք, բայց դու չես տեսնում»։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե սխալված լինեմ և ներողություն կխնդրեմ։
Բայց հիմա բանակն ուղղակի ստանդարտ կերպով գլորվում է առաջ, ինչպես, ասենք, Շրջակա միջավայրի նախարարությունը։ Ամեն դեպքում, հույս ունեմ, որ Զինված ուժերում դեռ լուրջ քայլեր կարվեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Մհեր Հակոբյանը միաժամանակ շեշտեց՝ նոր տենդենց է նկատում՝ բանակում ոչինչ չանելը պատճառաբանում են զինվորական գաղտնիքով, իբրև՝ գործողություններ կատարվում են, բայց դրանք հրապարակման ենթակա չեն։
«Բայց մենք պետք է տեսնենք, չէ՞՝ բանակում ինչ է կատարվում։ Իմ շրջապատից արդեն քանի դեպք լսել եմ, որ մարդիկ իրենց զինվորների համար «նասկի-տրուսիկ» են առնում-ուղարկում։ Ցավոք, ես լավատես չեմ»,- իր խոսքն ամփոփեց ռազմական փորձագետը։