24/02/2022 20:36
Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատշգամբի պատուհանը, ներս մտել ու գողացել կենցաղային իրեր․ բնակարանային գողության դեպք է բացահայտվել (Տեսանյութ)
Անցյալ տարվա ապրիլի 5-ին Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում բնակարանային գողություն էին արել։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատշգամբի պատուհանը, մտել ներս ու գողացել կենցաղային իրեր։
Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին այս տարվա փետրվարի 16-ին։
Բաժին բերման ենթարկվեցին երկու երիտասարդ, որոնցից ավագը Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի, կրտսերը՝ Գավառի բնակիչ է։ Նրանք խոստովանել են։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածները էլի են գողություններ ու փորձեր արել, այդ թվում՝ Ծովազարդ գյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։