25/02/2022 10:23
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 20,6 տոկոսով՝ կազմելով 2,7 միլիարդ դոլար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է 20,6%-ով և կազմել 2,7 մլրդ դոլար, այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020 թվականին փոխադարձ առևտրի նվազման ֆոնին այնպիսի արտաքին գործոնների, ինչպիսիք են համաշխարհային առևտրի և արդյունաբերական արտադրության աճի տեմպերի դանդաղումը, Հայաստանի տնտեսությունն ապահովեց ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրի ծավալների զգալի աճ։ Առևտրաշրջանառությունը 2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է 20,6%-ով և կազմել 2,7 մլրդ ԱՄՆ դոլար։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 25,2%-ով», - ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան հայկական արտադրանքի երրորդ երկրներ արտահանման աճի տեմպերը. արտահանման աճին զուգահեռ աճել են նաև Միության երկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները։
«Ըստ ծագման երկրի՝ ներմուծումն աճել է 18,5 տոկոսով», - ասել է Փաշինյանը։