01/03/2022 20:16
Հատուկ գործողությունների նպատակներն են Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանությունը, Կիևի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, ինչպես նաև Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը կիսվել է Ուկրաինայի շուրջ զարգացումների վերաբերյալ իր գնահատականներով ու ընդգծել, որ հատուկ գործողությունների նպատակներն են Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանությունը, Կիևի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը, ուկրաինական պետության ապառազմականացումն ու ապաազգայնացումը, նրա՝ չեզոք և ոչ միջուկային երկրի կարգավիճակի ամրագրումը»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։
Պաշտոնական տեղեկագրի համաձայն՝ Նիկոլաս Մադուրոն «աջակցություն է հայտնել Ռուսաստանի վճռական գործողություններին, դատապարտել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ ապակայունացմանը միտված ակտիվությունը»։
Երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը կայացել է վենեսուելական կողմի նախաձեռնությամբ։