02/03/2022 22:08
Մեր հույսն է, որ դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները. Փաշինյանը՝ Ուկրաինայի իրադարձությունների մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության և ՀՀ դիվանագետի օրվա կապակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ դիվանագիտությանը նվիրված այդ միջոցառման ժամանակ չի կարող չխոսել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
«Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող իրադարձություններին, որոնք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ: Մեր հույսն է, որ այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները», - ասել է Նիկոլ Փաշինյանը։