03/03/2022 11:22
Վահագն Խաչատուրյանն անհանգստություն ունի, որ պետությունը չշարունակի միջամտել քաղաքացիների կյանքին, ինչպես անում էր համաճարակի օրերին
ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է՝ անգործության չի մատնվելու, ընդհակառակը, շատ բուռն ստեղծագործ աշխատանք է ունենալու:
«Անելիքները շատ են, քաղաքական գործունեությունը նշանակում է միշտ ունենալ հակառակորդներ ու եթե չեն լինում, զարգացում ուղղակի չի լինելու», - Ազգային ժողովում հայտարարեց նա:
Ըստ Խաչատուրյանի՝ ինքը չի խոսում օրենքի լավի ու վատի մասին, ինքը պարզապես կատարում է այդ օրենքը, իսկ եթե օրենքի լավի կամ վատի հետ կապված խնդիր կա, փորձում են փոխել դա:
Նախագահի թեկնածուն շեշտեց՝ պարտավոր են բոլորի համար ապահովել հավասար պայմաններ. որևէ մեկը չպետք է սահմանափակվի, իհարկե, հաշվի առնելով օրենսդրությունն ու մյուս նորմերը:
«Կովիդի գնահատականները դեռևս պետք է տրվեն, երկու գնահատականի մասին եմ խոսում, առաջին անգամ էր աշխարհում, երբ պետությունը սահմանափակումներ սահմանեց տնտեսական կյանքի նկատմամբ, երկրորդ՝ պետությունը իր լիազորությունները մարդկանց տնտեսական, հասարակական կյանքում միանգամից մեծացրեց, իմ անհանգստությունը այն է, որ սա գայթակղիչ չլինի ու չշարունակվի, այսինքն՝ երբ չկա համաճարակային վտանգ, պետությունը նորից կարողանա ազատվի այն բոլոր լրացուցիչ գործառույթներից, որ իրեն էր վերագրել, թեկուզ, այսօրվա դիմակները հանելը. ես կկրեմ թե ոչ, ես եմ որոշելու, թույլ տվեք՝ ես ինքս որոշեմ իմ անելիքը», - հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածուն:
Խաչատուրյանը նշեց, թե դժվար ճանապարհն անցնելու լավագույն լուծումներ են գտնելու, քանի որ հասկանում են իրենց պատասխանատվության չափը:
«Ես հասկանում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ կրում ընդունած որոշումների համար, նույնիսկ, եթե դրանից դժգոհողներ կլինեն. իշխանությունը միայն նրա համար չէ, որ միշտ գովասանքներ լսի, դրական արձագանքներ ստանա», - հավելեց նախագահի թեկնածուն: