03/03/2022 21:06
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի աշխատանքների առաջին փուլը շուտով կավարտվի, հանրությանը կներկայացվեն արձանի լավագույն տարբերակները
Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարած նախաձեռնությանը մասնակցել ցանկացող գրեթե բոլոր նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների էսքիզներն ու նախագծերն ուսումնասիրվել են, մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի աշխատանքների առաջին փուլը մոտենում է ավարտին։ Շուտով հանձնախումբը հանրությանը կներկայացնի Փրկչի արձան-համալիրի ամենահաջողված տարբերակները՝ դրանցից լավագույնն ընտրելու համար։
Մրցութային հանձնախմբի անդամները նշում են, որ բազմաթիվ հետաքրքիր ու յուրօրինակ առաջարկներ ու նախագծեր են ներկայացվել այս ընթացքում։
Հանձնախմբին իր երկու նախագիծն է ներկայացրել նաև գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը։ Նա արդեն կերտել է Հիսուսի կերպարը, Պապոյանի ամենահայտնի աշխատանքն այս պահին Սիրիայում է՝ Քերովբեների լեռան գագաթին։ Արտուշ Պապոյանն աշխատում է որդիների հետ։ Պապոյաններն առաջարկում են, որ քանդակի նյութը լինի բրոնզ կամ երկար պահպանվող այլ մետաղ։
Մհեր Մնացականյանը հանձնախմբին մի ամբողջական համալիրի նախագիծ է ներկայացրել, աշխատելիս հիմնվել է աստվածաշնչյան խորհրդանիշերի վրա։ Նրա նախագծով Փրկիչը պետք է շրջապատված լինի առաքյալներով։
Միքայել Հարությունյանը արձան-համալիրի երկու տարբերակ է ներկայացրել, կոթողը պատկերացնում է հայկական տուֆով, ժայռապատկերների մեջ, ինչը խորհրդանշում է Քրիստոսի անցած քարքարոտ ճանապարհը։ Մյուս նախագիծը մոնումենտալ հարթաքանդակ է։
Հանձնախմբի անդամ, արվեստաբան Սաթենիկ Վարդանյանը գտնում է, որ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությունը իրականում մեծ իրադարձություն է, քանի որ նկարիչներից, քանդակագործներից ու ճարտարապետներից բացի, նախաձեռնությանը մասնակցում են նաև հասարակության տարբեր խմբեր։
«Ներգրավված է ամբողջ ժողովուրդը՝ տարբեր շերտերի, մասնագիտությունների մարդիկ, որոնք իրենց կարծիքը, առաջարկներն են ներկայացնում»,- ասում է նա։