09/03/2022 21:41
Կիևը պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը՝ անվտանգության երաշխիքներ ստանալու պայմանով․ Իգոր Ժովկվա
Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը՝ երկրին անվտանգության երաշխիքներ տրամադրելու պայմանով, հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան՝ Bloomberg Television-ի եթերում։
«Իհարկե, մենք պատրաստ ենք խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորել։ Բանակցությունների արդեն 3 փուլ է կայացել»,- ասել է նա՝ հավելելով, որ վաղը Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան բանակցություններ է վարելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Շատ կարևոր է, որ իմ նախագահը (Վլադիմիր Զելենսկին-խմբ․) պատրաստ է ուղիղ բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Ժովկվան։
«Կիևը պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը, եթե անվտանգության երաշխիքներ ստանա»,- ընդգծել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալը։
Նրա խոսքով՝ այդ երաշխիքներն Ուկրաինային պետք է տրամադրի ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունը, այլև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և այլ երկրներ։