14/03/2022 17:26
Ներկա անկանխատեսելի իրավիճակում հնարավոր է, որ Ռուսաստանն ինչ-որ պահի անցում կատարի սուվերեն ինտերնետի. Սամվել Մարտիրոսյան
Aysor.am-ի զրուցակիցն է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
- Պարոն Մարտիրոսյան, Ռուսաստանի հանդեպ լուրջ պատժամիջոցներ են կիրառվում, ինտերնետ ոլորտում աննախադեպ սահմանափակումներ են։ Հավանական համարո՞ւմ եք,, որ այդ երկիրն ինչ-որ պահի անցում կատարի սուվերեն ինտերնետի։
- Ներկա անկանխատեսելի իրավիճակում ամեն ինչ էլ հնարավոր է։ Ռուսաստանը սուվերեն ինտերնետի փորձարկումներ արել է, այսինքն՝ իրենք պատժամիջոցների սցենարներին պատրաստ են տարիներ շարունակ։ Այնպես որ, տեխնիկապես կարող են դիմել այդ քայլին։ Քաղաքական տեսանկյունից կարող է ինչ-որ պահի նման որոշում լինի, չնայած, ինձ թվում է, այս պահին դեռևս նման բան չեն պլանավորում։
Հարցը նրանում է, որ սուվերեն ինտերնետը ենթադրում է կապերի խզում նաև բանկային համակարգի հետ։ Եթե անցում է կատարվում սուվերեն ինտերնետի, ապա լինում է ինտերնետ, որը միայն Ռուսաստանի ներսում է աշխատում. ՌԴ-ից դուրս կապը կտրվում է։ Սուվերեն ինտերնետը շատ ավելի ծանր տեխնիկական խնդիր է։
- Եթե մի պահ ենթադրենք, որ Ռուսաստանն անցում է կատարում սուվերեն ինտերնետի, ի՞նչ կարող է լինել այդ դեպքում Հայաստանի հետ։
- Մեր ինտերնետային մայրուղիների մի մասը կապակցված է Ռուսաստանի հետ։ Պարզ չէ՝ ինչ կլինի տեխնիկապես։ Միգուցե պրովայդերները կարողանան առավել կոնկրետ տեղեկություններ հաղորդել։
- Պարոն Մարտիրոսյան, իսկ հայաստանյան ինտերնետ պրովայդերները կախում ունե՞ն Ռուսաստանից, թե ոչ։
- Ինչ-որ չափով այո։ Այսինքն՝ մեր տրաֆիկի մեծ մասը գնում է դեպի Վրաստան և այնտեղ բաժանվում է 2 հիմնական մասի։ Մեկը գնում է դեպի Ռուսաստան, մյուսը՝ դեպի Եվրոպա։ Հիմա, թե ինչպես կվերաբշխվի, չեմ կարող ասել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրուցում Սամվել Մարտիրոսյանը նշել էր՝ ռուսական մի շարք կայքեր չեն աշխատում հաքերային հարձակման ենթարկված լինելու պատճառով։
Հարցին՝ արդյոք հարձակումները ուկրաինական կողմից են, մեր զրուցակիցը դժվարացել էր հստակ պատասխան տալ։
«Այսօր արդեն դժվար է հասկանալ՝ որ կողմից են ռուսական կայքերը հարձակման ենթարկվում։ Այսպես ասենք. հակառուսական կոալիցիայի կողմից, որովհետև մի շարք այլ երկրների հաքերային թիմեր ևս միացել են։
Ինչպես հայտնի է, աշխարհում գործում է «Անոնիմուս» միջազգային հաքերային խմբավորումը, որն իրենից ոչ թե մեկ խումբ, այլ խառը խմբեր է ներկայացնում։ Իրենք նույնպես ներգրավված են ռուսական կայքերի վրա հարքերային հարձակումներում, և նաև չի բացառվում, որ առանձին հաքերայի խմբերի անվան տակ կարող են գործել պետությունների հաքերային թիմեր, որոնք ուղղակի թաքցնում են իրենց պետական լինելը՝ ներկայանալով որպես հասարակական ընդվզման կրողներ», - նշել էր Սամվել Մարտիրոսյանը։