04/04/2022 18:50
Անգլերեն արդյունավետ սովորելու խորհուրդներ՝ մասնագետից
Անգլերեն սովորելու առանձնահատկությունների, տարածված թյուր պատկերացումների մասին Aysor.am-ը զրուցել է «Փարեմուզյան՝ անգլերենի և չինարենի ուսուցման մասնագիտացված կենտրոն»-ի հիմնադիր Սոնա Փարեմուզյանի հետ։
Հնարավոր չէ առանց քերականություն սովորելու լեզվին լավ տիրապետել. որակյալ հաղորդակցվելու, ֆիլմեր դիտելու, հոդվածներ կարդալու և դրանց իմաստները լիարժեք ըմբռնելու համար քերականությունը առաջնային է։
Ոչ բարդ դիալոգների, պարզ հաղորդակցման համար անգամ կարևոր է քերականական պարզ կառույցներն իմանալ։ Այսպիսով՝ միջինից բարձր անգլերենի համար քերականություն սովորելը պարտադիր է։
Օտար լեզու յուրացնելու, սովորելու ժամանակահատվածը խիստ ինդիվիդուալ է. անգլերեն՝ ամեն օր՝ արդյունքի հասնելու համար։ Լեզուն կատարելագործելու համար օրական 2-3 ժամ պետք է հատկացնել պարապելուն։
Նվազագույնը 2-ից 3 տարի է պետք 0-ից միջին մակարդակի արդյունքի հասնելու համար։ Ժամանակահատվածը պայմանավորված է նաև սովորողի գիտելիքներից. միջին-միջինից բարձր գիտելիքների դեպքում ինտենսիվ աշխատելով հնարավոր է կարճ ժամանակում նկատելի զարգացում ունենալ։
Առանց տնային աշխատանքի հնարավոր չէ հաջողել։ Արդյունավետ տարբերակը շաբաթական 3 անգամ մասնագետի այցելելն է, մյուս օրերին՝ ինքնուրույն աշխատելը։
Նոր բառերի պարտադիր քանակ. օրական 5 բառը վատ ցուցանիշ չէ, բայց լուրջ արդյունքի համար պիտի գործի՝ «Որքան շատ նոր բառ, այնքան լավ» սկզբունքը։
Բառապաշարը յուրացնելու համար կարևոր է նախ շատ լավ սովորել, ապա ամեն երեք օրը մեկ կրկնել սովորած բառերը։ Կարևոր է նաև նոր սովորած բառերը զրույցներում, դիալոգներում կիրառել։ Խաղերը նույնպես արդյունավետ են բառապաշար յուրացնելու համար։
Տարիքային առանձնահատկությունները հարաբերական են. երեխաներ կան, որ չեն կարողանում ընկալել լեզուն, միջին տարիքի մարդիկ են եղել, որ ավելի հեշտ են յուրացրել լեզուն, քան ավելի երիտասարդները։
Երբեք ուշ չէ օտար լեզու սովորելու համար, կարևոր է սեփական ունակություններն օբյեկտիվորեն գնահատել, ըստ այդմ սովորել։ Վաղ տարիքում սովորելը հնարավորություն է տալիս ժամանակի հետ կատարելագործել հմտությունները։
Լեզուն կատարելապես սովորելու համար պետք է ապրել տվյալ լեզուն կրող հանրությունում կամ ունենալ համապատասխան աշխատանքային միջավայր։
Մասնագետը սկսնակներին խորհուրդ է տալիս կարդալ հայտնի գրողների ստեղծագործությունների ադապտացված տարբերակները, որպեսզի մոտիվացիա առաջանա՝ լեզուն կատարելագործելու, ապա՝ բնօրինակները կարդալու։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։