04/04/2022 18:10
Պեպեններ․ ու՞մ է «համբուրում» արևը, ինչու՞ են հայտնվում և արժե՞ արդյոք ազատվել դրանցից
Պեպենների առաջացման պատճառներ են համարվում արևի ճառագայթների ազդեցությունն ու գենետիկ նախատրամադրվածությունը՝ ժառանգականությունը։ Պեպենը հունարենից թարգմանաբար նշանակում է՝ արևի հետք, պեպեններ ունեցող մարդկանց մասին ասում են՝ «արևն է համբուրել»։
Մաշկի որոշակի հատվածների վրա պեպեններ հայտնվում են մելանինի բարձր պարունակության շնորհիվ, ինչն էլ մաշկին հատկանշական գույն է տալիս, իսկ հավելյալ մելանինի արտադրությանը նպաստում է արևը․ բջիջները մելանին արտադրում են, որպեսզի մաշկը պաշտպանվի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից։ Այս պրոցեսով պայմանավորված էլ՝ մաշկի վրա պիգմենտներ՝ պեպեններ են հայտնվում։
Դրանք կարող են հայտնվել մի քանի կետերում կամ տարածված լինել դեմքի, ձեռքերի, պարանոցի, կրծքավանդակի վրա։ Ամռանը պեպեններն ավելի արտահայտիչ են լինում, իսկ ձմռանը գրեթե չեն էլ նկատվում, թեպետ դա օրինաչափություն չէ։ Մաշկի վրա այլ պիգմենտները, բծերը կամ նույնիսկ խալերը երբեմն շատ նման են լինում պեպենններին, դրանք հեշտ է միմյանց հետ շփոթելը, սակայն ուսումնասիրելու դեպքում տարբերակում արվում է։
Գենետիկ նախատրամադրվածությունը՝ ժառանգականությունը ևս քիչ դեր չի խաղում․ շատ մարդիկ պեպենները «նվեր են ստանում» իրենց նախնիներից։
Ամեն ինչ կախված է մելանինի տեսակից․էումելանինը մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ ֆեոմելանինն այդպիսի հատկություն չունի։
Սևահեր, մուգ գույնի աչքեր ու մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ հիմնականում էումելանին է արտադրվում, իսկ բաց գույնի վարսեր, մաշկ ու աչքեր ունեցողների մոտ՝ ֆեոմելանին։ Այս խմբի մոտ ավելի հաճախ են պեպեններ առաջանում, սակայն պեպեններ ունենում են նաև թխահերները։ Գիտնականներն ապացուցել են, որ պեպենների առաջացման «պատասխանատուն» է Mc1r գենը, որը կարգավորում է օրգանիզմի կողմից մելանինի արտադրման պրոցեսը։ Դրա ակտիվ արտադրման հետ կապ ունեցող մեկ այլ գեն էլ կա՝ IRF4-ը, սակայն այն ոչ թե միայնակ, այլ մյուսների հետ փոխկապակցված է «գործում»։
Պեպենները վտանգավոր չեն, սակայն, որպես կանոն, պեպեններ ունեցող մարդկանց մաշկն ավելի զգայուն է արևի ճառագայթների նկատմամբ, այդ պատճառով նրանք պետք է արևից պաշտպանվեն՝ կրեն արևային ակնոցներ, ամռանը՝ լայնեզր գլխարկներ։
Արևապաշտպան քսուքներ, կրեմեր օգտագործելը կարող է կանխել նաև նոր պեպենների առաջացումը, բայց հները չեն անհետանա։
Մաշկաբանները խորհուրդ են տալիս հետևել հստակ կանոնների․ օգտագործել ջրակայուն, SPF 30 կամ ավելի բարձր պաշտպանունակություն ունեցող միջոցներից, արևի տակ զբոսնելիս կրել երկարաթև, թեթև բամբակյա հագուստ, չմոռանալ արևային ակնոցների ու լայնեզր գլխարկների մասին, աշխատել դրսում կամ արևի ուղիղ ճառագայթների տակ չգտնվել առավոտյան 10-ից մինչև օրվա երկրորդ կեսի ավարտը՝ 16։00-ն, երբ արևի ազդեցությունն ամենաուժեղն է, 2 ժամը մեկ օգտագործել արևից պաշտպանող քսուքները՝ հատկապես լողանալուց, լոգանք ընդունելուց հետո կամ եթե քրտնարտադրությունը շատ է, ինչպես նաև հրաժարվել սոլյարիներից։
Շատերին դուր չեն գալիս իրենց պեպենները և նրանք ցանկանում են ազատվել դրանցից։ Կոսմետոլոգիայում կան այդպիսի մեթոդներ․ քսուքներ, պիլինգի միջոցներ, որոնք պարունակում են տրիքլորքացախաթթու և ֆենոլ։ Կան նաև այլ միջոցներ, որոնք օգնում են ազատվել արևից առաջացող պիգմենտներից, բայց դրանք անհատական մոտեցմամբ են կիրառվում՝ կախված մաշկի տիպից ու նրանից, թե որքանով են արտահայտիչ պեպենները։ Ավելի արդյունավետ են համարվում լազերային թերապիան ու քիմիական պիլինգը, սակայն դրանց դիմելուց առաջ հարկավոր է լավ ծանրութեթև անել հետևանքներն ու հստակ իմանալ հակացուցումները։
Տնային պայմաններում պեպենները հեռացնելու մեթոդներ նույնպես գոյություն ունեն, դրանք նույնիսկ դարերի պատմություն ունեն։ Հնում բազմաթիվ միջոցներ են գործածել պեպեններից ազատվելու համար, սակայն այդ մեթոդները գիտականորեն հիմնավորված չեն։ Տարածված կարծիք կա, որ օգնում է կիտրոնը, սակայն որքան էլ այն հարուստ է վիտամին С-ով, դրա պարունակությունը չի կարող բավարար լինել էական արդյունքի հասնելու համար։ Մեղրը, որպես հակաօքսիդանտ, նույնպես կարող է օգնել, որպեսզի պեպենները ավելի քիչ արտահայտվեն, ալոե վերան՝ իր մեջ պարունակվող սալիցիլաթթվի և ալոինի շշնորհիվ նույնպես որոշակի արդյունք կարող է ապահովել, սակայն մաշկաբաններն ու կոսմետոլոգներն, այնուամենայնիվ, խորհուրդ չեն տալիս դիմել տնային մեթոդների, քանի որ մեծ է դեմքի նուրբ մաշկը վնասելու հավանականությունը։
Արժե՞ արդյոք հեռացնել պեպենները․ դա կարող է նույնիսկ վտանգավոր լինել, քանի որ մաշկը սպիտակեցնելու դեպքում դրա զգայնությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ մեծանում է։ Այդ պատճառով մասնագետները ավելի հաճախ խորհուրդ են տալիս չմտածել պեպեններից ազատվելու մասին։ Չէ՞ որ դրանք գեղեցիկ են ու մարդուն որոշակի առանձնահատկություն են հաղորդում։
Պեպեններն իրականում անվնաս պիգմենտներ են, շատերը դրանք ժառանգում են, ոմանց մոտ էլ պեպենները հայտնվում են արևի «համբույրից»։ Միակ խնդիրը արևից ավելի շատ պաշտպանվելն է և մաշկի խնամքին առանձնահատուկ ուշադրություն դարձնելը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, պեպեններից ազատվելու որոշումն արդեն ընդունված է և անբեկանելի է, ապա պետք է հիշել՝ պրոցեսը պետք է մասնագետն անի՝ կոսմետոլոգը կամ մաշկաբանը։ Տանն արվող փորձարկումները կարող են վտանգավոր լինել ու հավելյալ բարդություններ առաջացնել, հատկապես, եթե մաշկի վրա տարբեր այլ պատճառներով առաջացած հետքերն ու խալերը շփոթեք պեպենների հետ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։