04/04/2022 19:00
Պատժել կամ խրախուսել սննդի միջոցով չի կարելի. տարածված սխալները երեխայի սննդային վարքում
Սննդի հանդեպ նախասիրությունների, վերաբերմունքի ձևավորումը սկսվում է վաղ տարիքից։ Երեխաների սննդային վարքի ձևավորման հիմնական պատասխանատուն ծնողներն են։ Շատ լավ գիտակցելով սննդի կարևորությունը երեխայի առողջության, զարգացման, կյանքի որակի հարցում՝ ծնողներն իրենք են շատ հաճախ պատճառ դառնում երեխաների սննդային սխալ վարքի, որ դրսևորվում է շատակերությամբ կամ թերսնմամբ, չափաբաժինների սխալ ընտրությամբ, այս կամ այն մթերքի հանդեպ հակակրանքով։
Սնունդը չպետք է լինի ընտանիքի հիմնական, առանցքային քննարկման թեման. հարգանք, այո, պետք է լինի, բայց այն չպետք է վերածվի պաշտամունքի։ Այսպիսով, չի կարելի երեխային նախատել վատ ախորժակի համար։ Փոխարենը պետք է պատրաստել բազմազան, առողջարար ուտեստներ՝ երեխայի սննդակարգից բացառելով ապխտած, աղի, քաղցր ուտեստները։
Ամենատարածված սխալներից է ստիպողաբար կերակրելը. օրը պետք է կազմակերպել այնպես, որ երեխան հասցնի սովել։ Ստիպողաբար կերակրելը բացասական էմոցիաներ է առաջացնում երեխայի մոտ. այսպիսով, սնվելն ու ոչ դրական էմոցիաները նույնանում են, դրան նպաստում են նաև սեղանի շուրջ, սնվելու ընթացքում երեխաներին նախատելը, նկատողություն անելը։
Սննդային վարքի ձևավորման համար շատ կարևոր են ընտանեկան ավանդութները. 4-5 տարեկանում երեխաները սկսում են սննդային փորձարկումները. նախկինում ոչ համակրելի մթերքը կարող է միանգամից համակրանքի արժանանալ՝ «եթե ընտանիքի բոլոր անդամներն ուտում են այդ մթերքը, ես էլ փորձեմ» սկզբունքով։
Շատ կարևոր է ուշադիր լինել սեփական վարքի հանդեպ, որպեսզի երեխան հանկարծ չընդօրինակի մեծահասկաների սննդային սխալ սովորությունները։ Առհասարակ և հատկապես երեխայի ներկայությամբ չի կարելի ուտել անմիջապես սառնարանից, հեռուստացույցի առջև։
Երեխային պետք է ներգրավել ճաշացանկի ընտրության, մթերքների գնման, նաև պատրաստման գործին։ Ոչ շատ բարդ աշխատանքը՝ օրինակ մրգեր լվանալը նպաստում է երեխայի ախորժակի բարելավմանը։ Կարևոր է, որ ծնողները երեխաների ճաշացանկը չսահմանափակեն սեփական նախասիրություններով։
Կարևոր է չտրվել երեխաների քմահաճույքներին։ Երբ երեխան հրաժարվում է սննդից, ծնողներն անմիջապես այլընտրանք են առաջարկում։ Մեծահասակների հիմնական սխալներից է նաև սնունդը որպես մանիպուլյացիայի միջոց օգտագործելը։ Թույլատրելի չէ երեխային պատժել կամ խրախուսել սննդի միջոցով։ Օրինակ չի կարելի «գործարքի գնալ» քաղցրի միջոցով, այդպիսով երեխայի համար ամենացանկալի սնունդը դառնում է հենց քաղցրավենիքը։
Առանձնացվում են սննդային վարքի երեք հիմնական խանգարումներ՝ շատակերություն, թերսնում, կախվածություն անընդհատ ծամելու հանդեպ։
Երբ երեխան սիրո, հոգատարության, ուշադրության պակաս ունի, ենթագիտակցորեն փորձում է էմոցիոնալ պահանջմունքները բավարարել սննդի միջոցով։ Ինչպես նորածինների դեպքում է մայրական կաթը պաշտպանվածության զգացում առաջացնում։
Երբ ծնողները փորձում են լուծել երեխայի շատակերության խնդիրը՝ չնկատելով պատճառահետևանքային կապը, երեխային ավելի խոցելի են դարձնում։
Շատակերության հիմնական «մեղավորներն» են հավելումները, որ սնունդն ավելի գրավիչ են դարձնում։ Նմանօրինակ մթերքների հաճախակի օգտագործումը ձևախեղում է համային ընկալիչները. համեմատաբար չեզոք, բնական համերը դադարում են հաճույք պատճառել, կախվածություն է առաջանում գրավիչ համերի հանդեպ։
Թերսնումը կարող է լինել ստիպողաբար կերակրման արձագանք։ Սննդից հրաժարումը կարող է լինել նաև տարբեր տագնապների հետևանքով՝ օրինակ փոքր եղբոր հանդեպ խանդը, մանկապարտեզ գնալը, կարևոր է բացահայտել պատճառը, վերացնել այն, սնվելու ցանկությունն անպայման կվերադառնա։
Կարևոր է հասկանալ՝ սննդային վարքի խնդիրներն ավելի հեշտ է կանխել, քան հետո փորձել ազատվել դրանցից։ Ծնողները պիտի գիտակցեն այդ հարցում սեփական դերը և զգույշ լինեն ամենապարզ հարցերում անգամ, օրինակ՝ Երեխաներին մանկապարտեզից կամ դպրոցից տուն տանելիս պետք է հարցնել օրվա ընթացքում տեղի ունեցածի մասին, և ոչ թե ինչ են կերել մանկապարտեզում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։