13/04/2022 22:00
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ
Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի նիստի ընթացքում ապրիլի 13-ին կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է «Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի» անդամ՝ 2023-2026 թթ․ ժամանակահատվածի համար։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբից Հայաստանն ընտրվել է առաջին տեղով՝ ստանալով Տնտեսական և Սոցիալական խորհրդի 54 անդամ երկրներից 47-ի քվեն։
Հայաստանը ՄԱԿ-ի Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեին անդամակցում է առաջին անգամ։ Անդամակցության շրջանակներում Հայաստանը նպաստելու է քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների առավել ակտիվ և բովանդակային ներգրավմանը ՄԱԿ-ի շրջանակներում տարվող գործընթացներում։
Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեն ստեղծվել է 1946 թվակնին, հանդիսանում է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի օժանդակ մարմին, բաղկացած է ՄԱԿ անդամ 19 երկրներից։ Այն զբաղվում է Տնտեսական և սոցիալական խորհրդի խորհրդատվական կարգավիճակ ստանալու ոչ կառավարական կազմակերպությունների դիմումների, զեկույցների քննարկմամբ և խորհրդատվական կարգավիճակ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների հետ հարաբերությունների դիտարկմամբ։