20/04/2022 21:18
Դատարանը Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին որոշում է կայացրել
Լոնդոնի Վեսթմինսթերի մագիստրատուրայի դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին որոշում է կայացրել։ Միացյալ նահանգներ վերադառնալու դեպքում Ասանժին 175 տարվա ազատազրկում է սպառնում, նրան մեղադրում են ամերիկյան պատմության մեջ նախադեպը չունեցող՝ խոշոր ծավալի գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեջ։
Դատարանի որոշումից հետո Ասանժի գործը փոխանցվելու է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Փրիթի Փաթելին, վերջինս պետք է կայացնի վերջնական վճիռը։ Ասանժին արտահանձնելու որոշումը հաստատվելու դեպքում փաստաբանները այն կարող են բողոքարկել Լոնդոնի Գերագույն դատարանում ։
Վեսթմինսթերի մագիստրատուրայի դատարանի դատավորը WikiLeaks-ի հիմնադրին արտահանձնելու որոշումը կայացնելուց հետո ասել է, որ այլ ելք չուներ, և հիմա պարտավոր է գործը փոխանցել ՆԳՆ-ին։
«Դուք որոշումը Գերագույն դատարանում բողոքարկելու հնարավորություն ունեք»,- ասել է նա՝ զգուշացնելով, որ դա հնարավոր չէ անել՝ նախքան նախարարի կողմից վերջնական վճռի կայացումը։ Իսկ մինչ այդ Ասանժը պետք է շարունակի մնալ լոնդոնյան բանտում։