20/04/2022 18:43
«Գնդակն Ուկրաինայի դաշտում է, սպասում ենք պատասխանի»․ Ռուսաստանն Ուկրաինային հստակ ձևակերպումներով փաստաթուղթ է ներկայացրել
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել փաստաթղթի նախագիծ՝ հստակ ձևակերպումներով և սպասում է պատասխանի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ՌԴ նախագահն ասել է, որ ուկրաինական կողմը անընդհատ շեղվում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, հրաժարվում է իր խոսքերից։ Դա վատ է ազդում բանակցությունների ընթացքի, արդյունավետության վրա։ Այժմ ուկրաինական կողմին է տրամադրվել մեր փաստաթղթի նախագիծը, որը հստակ մշակված ձևակերպումներ է պարունակում։ Գնդակը նրանց դաշտում է, սպասում ենք պատասխանի»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ պատասխանի ժամկետն Ուկրաինայից է կախված։
«Մենք բազմիցս ասել ենք, որ ուկրաինական կողմի աշխատանքի դինամիկան կարող էր ավելի լավը լինել, ուկրաինացիները բանակցային գործընթացն ակտիվացնելուն ուղղված մեծ ջանքեր չեն գործադրում»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։