23/04/2022 17:15
Հալեպահայերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ ջահերով երթ է անցկացվել
Հալեպահայերը Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ջահերով երթ են անցկացրել դեպի Ազգային գերեզմանատուն, տեղեկանում ենք Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» էջից։
«Սիրիայի և Հայաստանի զույգ դրոշներով ջահերթը առաջնորդել է ՀՄԸՄ-ի Հալեպի մասնաճյուղի փողերախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Մհեր Սուսանին։
Շրջանի բնակիչները ևս մասնակցել են քայլերթին։
Ազգային գերեզմանատան մուտքի մոտ փողերախումբը հնչեցրել է Սիրիայի և Հայաստանի քայլերգները: Ցեղասպանությունը խորհրդանշող հուշաքարի առջև տեղադրվել են ծաղկեպսակներ, ապա հայ հոգևոր պետերը վառել են հուշաքարի մոտ գտնվող՝ ցեղասպանության նահատակների հիշատակը խորհրդանշող ջահը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ներկաները հոտնկայս հարգել են Սիրիայի, Հայաստանի և Արցախի բոլոր նահատակների հիշատակը:
Ջահերթի ավարտին հնչել է «Պահպանիչ» աղոթք։