25/04/2022 20:46
Թուրքիայում առաջարկել են ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետն անվանակոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր նորաբաց «Հաղթանակ» կուսակցությունը մեջլիսին նախագիծ է առաջարկել Կարսի նահանգում ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետի անունը Հայոց ցեղասպանության պարագլուխներից Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին։ Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, այս մասին տեղեկացրել է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթը։
Այս առաջարկից հետո Թվիթերի թուրքական տիրույթում արշավ է սկսվել, ակտիվ տարածվում է «Թալեաթ փաշա սահմանային անցակետ» հեշթեգը, որն այս պահին Թուրքիայի տարածքում թրենդային հեշթեգերի առաջին եռյակում է։
Մեջլիսում նորաբաց քեմալիստական կուսակցության միակ ներկայացուցիչ և կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղը նախագիծն առաջարկել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում հայերին ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել։
«Եթե ձեր արձագանքն անկեղծ է, ապա սպասում ենք մեր կուսակցության՝ սահմանային անցակետի անունը փոխելու մասին առաջարկին ձեր աջակցությանը։ Այժմ դուք առերեսվում եք «անկեղծության թեստի» հետ։ Եթե չաջակցեք դրան, թուրք հասարակությունը կհիշի ձեր այդ պահվածքը, եթե աջակցեք, մենք կծափահարենք ձեզ»,- հայտարարել է թուրք պատգամավորը։
Հիմա հայ-թուրքական սահմանին թուրքական անցակետը կոչվում է «Աքքայա» (թարգմանաբար՝ «Սպիտակ ժայռ։ Անցակետը Թուրքիան փակել է 1993 թվականից։ Դրա դիմաց հայկական կողմից «Ախուրյանի» սահմանային անցակետն է։ Թվիթերում տարածվում է նաև անցակետի վրա համակարգչով «խմբագրված» անունով լուսանկարը։