25/04/2022 16:17
Սոլովյովին ցանկացել են սպանել
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալվել են հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը նախապատրաստող խմբավորման անդամները։
«ՌԴ ԱԴԾ-ն, Քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ, ձերբակալել է Ռուսաստանի Դաշնությունում արգելված «National Socialism/White Power» նեոնացիստական ահաբեկչական կազմակերպության անդամներին, որոնք, Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ, ծրագրել են հասարակական գործիչ, հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։ Խմբավորման անդամներն ինքնախոստովանական ցուցմունքներ են տալիս»,- նշված է ՌԴ ԱԴԾ հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության՝ Սոլովյովի սպանությունն իրականացնելուց հետո խմբավորման անդամները նախատեսել էին թաքնվել արտասահմանում։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է նաև, որ ձերբակալվածների բնակության վայրերում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել ու առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, զենք, զինամթերք, փամփուշտներ, թմրանյութ, կեղծ ուկրաինական անձնագրեր՝ խմբավորման անդամների լուսանկարներով։
Հետաքննությունը և խմբավորման անդամների հանցավոր գործունեության ապացույցների հավաքագրումը շարունակվում է։