29/04/2022 09:43
«Հրապարակ». Տեղ համայնքում արշալույսները խաղաղ չեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքում արշալույսները խաղաղ չեն․ նախօրեին կրկին քաշքշուկ է տեղի ունեցել համայնքապետի, նրա կողմնակիցների և ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանի միջև։ Վերջինս պարբերաբար անդրադառնում է համայնքապետ Դավիթ Ղուլունցի բացթողումներին։ Ղուլունցը, հիշեցնենք, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է։ Միջադեպի պատճառը եղել է այն, որ Զեյնալյանը հանդիպել է նորանշանակ մարզպետ կալավանցի Ռոբերտին և ներկայացրել համայնքում տիրող իրավիճակը։ «Մարզպետին ասել եմ, որ թող թոշակառուներից ազատվի, ջահելներին նշանակի, մենք էլ ենք ուզում աշխատենք։ Համայնքային պաշտոններում Ղուլունցը իր քեռուն, մորը և այլ ծանոթ-բարեկամների է նշանակել», - պատմեց Զեյնալյանը:
«Ես, իհարկե, մարզպետի մոտ անուններ չեմ տվել, բայց իր գեղմասվարը՝ Սուրիկը եկավ, թե խի՞ ես ինձնից բողոքել` քաշքշուկ եղավ, սեռական հայհոյանքներ, ներկա էր իր տեղակալ Արմիկը Միրզոյան, ինքը՝ Դավիթ Ղուլունցը»։
Զեյնալյանն ասաց, որ ոստիկանություն չի դիմել, հացադուլ է հայտարարել համայնքապետարանի ծառի տակ՝ համայնքապետի հրաժարականի պահանջով․ «Ինձ ասում է հոգեկան, խնդրում եմ՝ հետաքննություն արեք և պարզեք՝ ով է հոգեկանը՝ ե՞ս, թե՞ Ղուլունցը, որը բանակում չծառայելով՝ կանտուզիայի թոշակ է ստանում: Ի՞նչ հիմքով` թող պարզեն, իր թիկունքն իր քեռին է, մտածում է, թե ինքն անպարտելի է։ Իր եղբայրն էլ ինձ սպառնում է՝ որտեղ ես եմ, դու չպիտի լինես, ինչ է թե մարզպետի մոտ բարձրաձայնել եմ նաև իրենց հանքերի մասին»։ Մեր զանգերին Ղուլունցը երեկ չպատասխանեց»։