03/05/2022 19:21
Որոշ դեղամիջոցների գներն աճել են ընդհուպ 200-300 տոկոսով. Թաթուլ Մանասերյան
Հայաստանը, որպես ներմուծումներից կախվածություն ունեցող երկիր, ներմուծում է և՛ ապրանքները, և՛ այն գները, որոնք ձևավորված են համաշխարհային շուկայում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով ԿԲ հաղրդագրությանը, որի համաձայն ընթացիկ տարվա մարտին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 7.4 տոկոս։
«Իհարկե, այս ապրանքների մեջ կան բացառություններ, որոնք հնարավոր է գոնե մասամբ արտադրել Հայաստանում։ Այդ դեպքում տարբերությունը կարող է բավական զգալի լինել, և գնաճը դրա շնորհիվ կարող է զսպվել։
Բայց սա Կենտրոնական բանկի գործառույթը չէ, այլ կառավարության՝ մասնավորապես Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունների, Պետեկամուտների կոմիտեի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի։ Այսինքն՝ պետությունը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչպես է գնագոյացումը տեղի ունենում։ Սակայն պետության վերահսկողական գործառույթը, մեղմ ասած, չի իրականացվում»,- ասաց տնտեսագետը։
Թաթուլ Մանասերյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գնաճ է գրանցվել ինչպես սննդամթերքի, այնպես էլ դեղորայքի շուկայում։ Ըստ նրա՝ որոշ դեղամիջոցների գներն աճել են ընդհուպ 200-300 տոկոսով։
«Սա անթույլատրելի է։ Պարենային ապրանքների մասով վերահսկելիոթյուն գրեթե չենք դիտարկում, որովհետև գները շատ արագ բարձրանում են։ Իրականում 7 տոկոս գնաճը մոտ 500 ապրանքատեսակի գների տատանումն է։ Սա էական նշանակություն ունի հատկապես սոցիալապես անապահով խավի և աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է»,- ասաց մեր զրուցակիցը։