10/05/2022 20:36
Զելենսկու հաշվարկներով՝ հունիսին Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ կտրամադրվի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնկալում է, որ հունիսին Ուկրաինային կտրվի ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ։
«Մենք ևս մի կարևոր քայլ արեցինք դեպի ԵՄ ընկած մեր ճանապարհին։ Ուկրաինան ներկայացրել է հատուկ հարցաթերթիկի պատասխանների երկրորդ մասը․ հարցաթերթիկը պետք է լրացնի յուրաքանչյուր երկիր, որը ձգտում է ԵՄ մաս դառնալ։ Դրա համար սովորաբար ամիսներ են անհրաժեշտ լինում, բայց մենք դա արեցինք հաշված շաբաթների ընթացքում»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ դրական զարգացումների ակնկալիքներ ունի։
«Ակնկալում եմ, որ հունիսին դրական պատասխան կստանանք մեր երկրին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ»,- ասել է նա։
Նշենք, որ ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ հարցաթերթիկի երկրորդ՝ լրացված մասը Ուկրաինան ԵՄ-ին է հանձնել մայիսի 9-ին։ Փաստաթղթում նշված է, որ Ուկրաինան իր օրենսդրությունը համապատասխանեցրել է եվրոպականին։ Հարցաթերթիկի երկրորդ մասի լրացված պատասխանները 4 000 էջ են կազմում, դրանցում նկարագրված է վերջին 8 տարիներին ԵՄ Ասոցացման համաձայնագրի կատարման ընթացքում ուկրաինական օրենսդրության վիճակը։