12/05/2022 19:44
Ադրբեջանը գաղտնի չի պահում Հայաստանին ներկայացված 5 առաջարկները, մինչդեռ ոչ ոք չգիտի հայկական կողմի 6 առաջարկների մասին. Վերլուծաբան
Երբ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Զանգեզուրն էլ, Սևանն էլ, Երևանն էլ վերցնելու է, ի՞նչ են դրա համեմատությամբ հայկական 7 գյուղերի նկատմամբ նրա հավակնությունները։ Մարդիկ, պարզապես, ամեն ինչ անում են իրենց նպատակներն իրականացնելու համար. սկզբից կվերցնեն 3, հետո 4 գյուղ, հետո՝ ավելի շատ․հարցն այն է, որ հակական կողմից ոչ մի արձագանք չկա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ եթե անգամ հայկական կողմը որևէ բան է խոսում, միանգամից հետևում է ադրբեջանական կողմի հերքումը, մինչդեռ հերքմանը պատասխան հայկական կողմից այդպես էլ չի լինում։
«Ադրբեջանն իր 5 կետերը հանգիստ ներկայացրել է։ Հետո մենք տեղեկանում ենք, որ մեր կողմից էլ 6 կետից բաղկացած պատասխան կա, բայց այդ կետերի մասին այդպես էլ չի հայտարարվում։
Ստացվում է, որ այդ կետերի մասին գիտեն Ադրբեջանը, Թուրքիան՝ որպես վերջինիս գործընկեր, միջազգային հանրությունը՝ որպես այդ առաջարկները փոխանցող, ՀՀ իշխանությունը՝ որպես այդ առաջարկները գրող, և միայն հայ հասարակությունը 6 կետանոց առաջարկների մասին ոչինչ չգիտի։
Կարո՞ղ է ՀՀ իշխանությունները վերջապես հրապարակեն տեքստը, հայ ազգն էլ կարդա և տեսնի, որ, օրինակ, կետերից մեկով ասվում է՝ «Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը պետք է լինի հիմք՝ ապագայում անցնելու խաղաղ բանակցությունների»։
Բայց եթե ձևակերպումներն այսպես չեն արվել, և դրա համար էլ չեն ուզում հրապարակել, ապա հայ ազգի մտավախությունները չեն փարատվում»,- ասաց վերլուծաբանը։
Թևան Պողոսյանի խոսքով՝ այս պարագայում անհասկանալի է, որ բոլորը գիտեն ադրբեջանական, բայց չգիտեն հայկական կողմի դիրքորոշման մասին։
Մեր զրուցակիցը շեշտեց՝ Ադրբեջանն իր և նույնիսկ հայաստանյան հասարակությունից գաղտնի չի պահել Հայաստանին ներկայացված 5 կետից բաղկացած առաջարկները։
«Հիմա ես ի՞նչ իմանամ՝ արդյոք հայկական կողմի առաջարկների մեջ կետ եղե՞լ է այն տարածքների մասին, որոնց այժմ հավակնում է Ադրբեջանը։ Մենք խոսում ենք անվստահելի կառավարության մասին։ Կարող է՝ եղել է, կարող է՝ չի եղել։ Նման դեպքերում մտքովդ ինչ ասես՝ կարող է անցնել։
Երբ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտարարում է, որ Ռուսաստանն ուրախ է Ադրբեջանի առաջարկների շուրջ ՀՀ համաձայնությամբ, բայց չի նշում հայկական կողմի 6 կետերի մասին, ի՞նչ կարող ենք ասել»,- հարց հնչեցրեց վերլուծաբանը՝ հավելելով, որ բոլոր խոստումները տապալած ՀՀ իշխանությունների խոսքերին ոչ ոք անվերապահորեն չի հավատում և անընդհատ խոսելու փոխարեն պետք է հրապարակել 6 կետից բաղկացած առաջարկները։