13/05/2022 17:32
Մեզ հարկավոր է ընդամենը 100 հազար քաղաքացի. Խաչիկ Գալստյանը՝ շարժման հաղթանակի մասին
Իշխանության գործողությունները հստակ քաղաքական ենթատեքստ ունեն, նպատակը մեկն է՝ ոստիկանական բռնաճնշումների միջոցով փորձել վախեցնել, կասեցնել «Դիմադրության» շարժումը, համազգային այս զարթոնքը, Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը:
«Սրանք վերջին փրփուրներն են, որոնցից կախված է Նիկոլ Փաշինյանի վարչախումբը: Սա մարդկանց էլ ավելի է համոզում, որ իրենք ճիշտ ուղու վրա են, իրենց պայքարը ճիշտ է, նրանք հաստատակամ են։ Ոստիկանական «բեսպրեդելին» մի օր պետք է վերջ տրվի, և մենք իսկապես կունենանք իրավական այն պետությունը, որի համար պայքարում ենք։
Միանշանակ, տեսնում ենք, որ մարդիկ նոր թափով են միանում պայքարին, կարող են լինել 500-1000 հոգի, բայց դա կարող է ժամերի ընթացքում հարյուր հազարների վերածվել: Ես այդ ներուժը տեսնում եմ»,-ասաց նա:
Խաչիկ Գալստյանը քաղաքացիներին կոչ արեց միանալ պայքարին. «Այս պայքարը անձնավորված չէ, սա յուրաքանչյուրիս պայքարն է: Մեզ հարկավոր է ընդամենը 100 հազար քաղաքացի, որոնք ընդամենը 100 ՀԱ տարածք են զբաղեցնելու: 100 ՀԱ տարածք զբաղեցնող ժողովուրդը կարողանալու է ազատագրել հարյուր հազարավոր հեկտարներ: Ես վստահ եմ, որ այս պայքարը հաջողելու է: Մենք մեր պատմության ընթացքում բազմաթիվ անգամ այսպիսի փոսերում հայտնվել ենք, բայց Աստված մեզ նրա համար չի ստեղծել, որ Նիկոլի նման «դեգեներատը» ազգի վերջնական շիրմաքարը դնի: Այդպես չի լինելու»: