13/05/2022 20:37
Եթե ճիշտ աշխատենք, Սևանից ոռոգման նպատակով մեկ գրամ ջուր չենք վերցնի, այլապես տպավորություն է, որ հատուկ հանձնարարություն կա՝ լիճը չորացնելու. Բերբերյան
Եթե ճիշտ աշխատենք, Սևանից ոռոգման նպատակով անգամ մեկ գրամ ջուր չենք վերցնի. ջրամբարների ջուրը լիովին կբավականացնի։ Այլապես տպավորություն է, որ հատուկ հանձնարարություն կա՝ Սևանը չորացնելու, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ագրագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հայտարարությանը, որ Սևանում ջրի սակավությունը մոտ 300 մլն խմ է, ջրի մակարդակն էլ նախորդ տարվա համեմատ իջել է 25 սանտիմետրով։
«Սևանի վիճակն ուղղակի զավեշտալի է, որովհետև ոռոգման համակարգի՝ անցած տարվա թերի կամ միտումնավոր թերի աշխատանքի պատճառով Ջրային կոմիտեն ստիպված դիմեց Ազգային ժողովին՝ սահմանվածից ավելի, լրացուցիչ ջուր լճից բաց թողնելու համար։ Թույլտվություն ստացվեց, ոռոգման համար Սևանից նորից ջուր բաց թողեցին։
Բայց պարզվեց՝ դա անտեղի էր, քանի որ տեղումներն անցած տարի բավարար էին, որպեսզի ջրամբարները լցվեին։ Ցավոք սրտի, պարզվեց, որ ջրամբարները լեփ-լեցուն չեն։ Հարց՝ այդ ջուրն ո՞ւր է գնում։ Վարչապետը դրա մասին շատ լավ գիտի, որ ջրամբարները դատարկում են ՀԷԿ-երը, և դրա մասին բոլորը համառորեն լռում են»,- ասաց Բերբերյանը։
Մեր զրուցակիցը շեշտեց՝ բազմիցս ասել է, հիմա էլ ասում է, որ ջրամբարները գյուղացու համար են, ոչ թե էներգետիկ նպատակների։
«Ստացվում է՝ կամ թքած ունեն գյուղատնտեսության վրա, կամ ՀԷԿ-երի հետ ինչ-որ հարցեր են լուծում, և տարին 12 ամիս ջուրը բոլ-բոլ գնում է։ Իհարկե, կան ՀԷԿ-եր, որոնք ընդհանարապես ջրամաբարներին վնաս չեն տալիս, բայց ՀԷԿ-եր էլ կան, որոնք անմիջապես «նստած են» ջրամբարների ջրերի վրա»,- ասաց «Ագրագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը։