13/05/2022 19:37
Պատրաստ ենք ցանկացած զոհողության, բռնաճնշման, հալածանքի․ եթե կարծում եք, որ դրանով պայքարը կկասեցնեք, սխալվում եք․ Իշխան Սաղաթելյան
Պայքարի դուրս եկած քաղաքացիները, որոնք քայլերթ են իրականացնում մայրաքաղաքում, մի պահ կանգ առան ՀՀ ոստիկանության շենքի մոտ։ Ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմեց ոստիկանությանը ․
«Այս օրերին շարունակվում են ապօրինի ձերբակալությունները, մեր ընկերներից շատերին այս օրերին կեղծ, շինծու մեղադրանքներով ձերբակալել են, որոշ մեր ընկերներ այժմ գտնվում են կալանքի տակ։
Մենք դուրս ենք եկել այս պայքարին և պատրաստ ենք ցանկացած զոհողության, պատրաստ ենք ցանկացած բռնաճնշման, պատրաստ ենք ցանկացած հալածանքի, բայց եթե ձեր մտքով անցնում է, որ հնարավոր է դրանով ժողովրդին լռեցնել ու այս պայքարը կասեցնել, դուք սխալվում եք»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը հնչեցրեց բոլորի պահանջը՝ չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները։
«Այն տղերքին, ում ձերբակալել եք, դրանով ո՛չ էդ տղերքին, ո՛չ մեզանից որևէ մեկին չեք կարող հետ պահել պայքարից։ Նրանց ծնողներն ու որդիները հպարտ են, որովհետև էդ տղերքը դուրս են եկել պայքարի՝ հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն նաև ձե՛ր երեխաների, ձե՛ր ծնողների և բոլորիս համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։