13/05/2022 18:10
4 երկիր հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչման իր որոշումը․ Սերբիայի ԱԳՆ
«Աշխարհի 4 երկրներ հետ են կանչել Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ իրենց որոշումները»,- հայտարարել է Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը գումարվել է Կոսովոյի կողմից Եվրոպական խորհրդին անդամակցելու դիմում ներկայացնելու կապակցությամբ։
Սելակովիչը նշել է, որ ուղերձ են հղում ԵԽ-ին՝ չսկսելու Կոսոսվոյին իր շարքեր ընդունելու գործընթացը։
«Այսօր նախագահ Վուչիչին եմ փոխանցել այն 4 երկրների դիվանագիտական նոտաները, որոնք հետ են կանչում այսպես կոչված Կոսովոյի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ իրենց որոշումները, իսկ անվտանգության խորհուրդը նախագահին կլիազորի՝ իր համար հարմար պահի հասարակությանը տեղեկացնել, թե կոնկրետ որ պետությունների մասին է խոսքը։
Այսպիսով մենք հնարավորություն ենք տալիս Եվրոպական խորհրդի անդամ երկրներին՝ հունիսին չսկսել Կոսովոյի անդամակցության գործընթացը, նաև բանակցություններ և երկխոսություն վարելու մեր պատրաստակամությունն ենք ցուցաբերում»,- Սերբիայի արտգործնախարարի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն։
Նիկոլա Սելակովիչը հավելել է, որ իրենք կշարունակեն պայքարել երրորդ երկրների կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը հետ կանչելու ուղղությամբ։