13/05/2022 21:10
Աճուրդի է հանվել և վաճառվել դինոզավրի ամենալավ պահպանված կմախքը
ԱՄՆ-ի Christie's աճուրդի տանը վաճառվել է Հեկտոր անունով դինոզավրի կմախքը։ Դեյնոնիխա տեսակի դինոզավրի ամենալավ պահպանված կմախքի համար աճուրդի մասնակիցներից մեկը 12,4 միլիոն դոլար է վճարել՝ այսպիսով դառնալով այս տեսակի դինոզավրի կմախքի միակ մասնավոր սեփականատերն՝ աշխարհում։
Դեյնոնիխա անվանումը դինոզավրերի այս տեսակին՝ նրանց մեծ ու երկար ճանկերի պատճառով, տվել է պալեոնտոլոգ Ջոն Օսթրոմը՝ 1969 թվականին։ Հայտնի է, որ այս դինոզավրերն ապրել են ներկայիս Հյուսիսային Ամերիկայի տարածքում՝ 115-118 միլիոն տարի առաջ, եղել են գիշատիչներ, իսկ երկու ոտքերի վրա կանգնելու հատկության շնորհիվ որսի ժամանակ շատ ավելի շարժուն ու ճկուն են եղել։ Համարվում է, որ դեյնոնիխաներն ավելի մոտ են թռչունների, քան սողունների դասին։
Christie's աճուրդի տունը հայտնել է, որ Հեկտորի մոտ 3 մետրանոց կմախքը հայտնաբերվել է 2012 թվականին՝ ԱՄՆ Մոնտանա նահանգում։