14/05/2022 17:43
«Մեծ յոթնյակի» երկրները հայտարարել են՝ երբեք չեն ընդունի Ուկրաինայի սահմանների փոփոխությունը
«Մեծ յոթնյակի» երկրների (Մեծ Բարիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) ԱԳ նախարարությունները համատեղ հայտարարություն են ընդունել, որում ընդգծել են, որ ոչ մի դեպքում չեն ճանաչի Ուկրաինայի սահմանների փոփոխությունները։ Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Մենք երբեք չենք ճանաչի Ուկրաինայի սահմանների փոփոխությունը, որին Ռուսաստանը ցանկանում է հասնել ուժի կիրառմամբ»,- ասել է Բերբոքը՝ մեջբերելով նաև G7-ի երկրների ԱԳՆ-ների համատեղ հայտարարության համապատասխան ձևակերպումը․ «Երբեք չենք ճանաչի այն սահմանները, որոնք Ռուսաստանը ցանկանում է ձևափոխել ռազմական ագրեսիայի միջոցով»։
Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ իրենք շարունակելու են զենք մատակարարել Ուկրաինային։
«Շարունակելու ենք Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ կա դրա անհրաժեշտությունը»,- ասել է նա։