14/05/2022 20:35
«Վաղը, ժամը 18:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»․ Արթուր Վանեցյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտնել է, որ երեկվանից, վատառողջ լինելու պատճառով, ֆիզիկապես ներկա չի եղել հանուն Հայաստանի և Արցախի պայքարի գործողություններին, սակայն
վաղը լինելու է պայքարի շարքերում՝ ավելի վճռական շարունակելու այն։
Արթուր Վանեցյանը կիրակի, ժամը 18։00-ին կայանալիք հանրահավաքին միանալու կոչ է ուղղել քաղաքացիներին։
«Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ.
Նախ ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել երեկվանից ինձ ուղղվող Ձեր բազմաթիվ նամակների և զանգերի՝ իքնազգացողությանս վերաբերյալ ձեր անհանգստության համար:
Ինչպես գիտեք, երեկվանից վատառողջ լինելու պատճառով ֆիզիկապես ներկա չեմ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս ընտանիքների անվտանգության ձեր կողմից մղվող պայքարի գործողություններին:
Տեղեկացնում եմ Ձեզ, որ վաղը լինելու եմ պայքարի շարքերում, ձեր կողքին, ձեզ հետ՝ ավելի վճռական կերպով այս իշխանություններին հեռացնելու, անվտանգ և զարգացող Հայրենիք կառուցելու նպատակով:
Վաղը նաև խոսելու եմ հարթակից՝ պայքարի վերաբերյալ իմ մոտեցումները ձեզ հետ կիսելու, մեր պայքարին չմիացած քաղաքացիներին ոգևորելու, ևս մեկ անգամ հրապարակ կանչելու նպատակով:
Իմ մոտեցումները նույնն են. ես այլ խնդիր չեմ կարող ունենալ մինչև երկու հայկական պետությունների անվտանգությունը չապահովենք, իսկ հանրային համերաշխությունը չվերականգնենք:
Վաղը, ժամը 18:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Վանեցյանը: