16/05/2022 20:05
Զասն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
ՀԱՊԿ առաջնորդները մի շարք առաջարկներ են արել կազմակերպության արձագանքման համակարգի կատարելագործման վերաբերյալ, ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո հրավիրված ասուլիսին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած քննադատությանը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի համար մի շարք էական հարցերի շուրջ կազմակերպությունն այնքան էլ արդյունավետ չի արձագանքում, որքան ակնկալում է Հայաստանը։
«Այդ հարցն այսօր քննարկվել է, այդ թվում հանդիպման երկրորդ մասում։ Ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման վերաբերյալ բավական շատ առաջարկներ են եղել, այդ թվում հայկական կողմից. ՀՀ վարչապետն է ներկայացրել իր առաջարկները», – ասել է Զասը։
Ըստ նրա` առաջարկներ են եղել նաև այլ պետությունների առաջնորդների կողմից` հաշվի առնելով Ղազախստանում կազմակերպության փորձը, որտեղ ճգնաժամային արձագանքման համակարգը առաջին անգամ է փորձարկվել։
Զասը նշել է, որ համակարգն ընդհանուր առմամբ վատ չի աշխատել։ Որոշ խնդիրներ ստիպված են եղել արագ լուծել, սակայն նման բան չպետք է տեղի ունենար։ Չկոտրելով ստեղծված համակարգը` սկզբունքային շտկումներ անելու խնդիր է դրված։
Գլխավոր քարտուղարի խոսքով` զրուցել են նաև կովկասյան տարածաշրջանի մասին։