16/05/2022 21:18
Ֆինլանդիան և Շվեդիան մերժել են Թուրքիային արտահանձնել «ահաբեկչության» մեջ կասկածվող 33 անձանց
Ֆինլանդիան և Շվեդիան հրաժարվել են բավարարել Թուրքիայի հայտերը և չեն արտահանձնել Թուրքիայում ահաբեկչական համարվող խմբավորումների հետ համագործակցելու մեջ կասկածվող 33 անձանց, հայտնում է TRT հեռուստաալիքը։
Թուրքական իշխանությունները Ֆինլանդիային և Շվեդիային են դիմել՝ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և FETO-ի՝ «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» հետ համագործակցելու մեջ կասկածվող անձանց իրենց արտահանձնելու խնդրանքով, սակայն հայտերից մի քանիսը Ֆինլանդիան և Շվեդիան մերժել են, իսկ մի քանիսն էլ ընդհանրապես անպատասխան են թողել։
Նշենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը բացասական կարծիք էր հայտնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցության վերաբերյալ՝ նշելով, որ այդ երկրները «վերածվել են ահաբեկչական խմբավորումների համար հյուրատների», իսկ դրանից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էր Ֆինլանդիային և Շվեդիային մեղադրել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը» ակնհայտորեն աջակցելու մեջ։