16/05/2022 17:40
Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է ապահովել իր սահմանների անվտանգությունը, այդ թվում՝ Աֆղանստանում և Կազմակերպության անդամ երկրների այլ արտաքին սահմաններին անհանգստություն պատճառող իրավիճակի ֆոնին:
«Անհանգստություն է առաջացնում իրավիճակն Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ երկրների այլ արտաքին սահմաններին: Այս համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ապահովել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունում նշված է նաև, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պատրաստ են ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն հաստատել:
«Գիտակցելով մեր պատասխանատվությունը Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու հարցում՝ ընդգծում ենք մայրցամաքում լարվածության թուլացման անհրաժեշտությունը և հաստատում ենք ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ: