16/05/2022 12:35
Ավտոմեքենաներով խմբակային տեղաշարժերը խանգարում երթևեկությանը և ստեղծում անվտանգության սպառնալիք. Ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբակային տեղաշարժերի միջոցով:
«Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն:
Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։