16/05/2022 20:55
Ռուսաստանն արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ է մշակում
ՌԴ ԱԳ նախարարության կոլեգիայի նիստում քննարկել են Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգի նոր տարբերակի մշակման հարցը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ կոլեգիայի նիստում քննարկվել են Ռուսաստանի արտաքին քաղաքականության խնդիրները՝ արմատապես փոփոխված աշխարհաքաղաքական իրողության պայմաններում, որը ձևավորվել է «Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատրվակով՝ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սանձազերծված աննախադեպ մասշտաբների և դաժան հիբրիդային պատերազմով, որը ներառում է Եվրոպայում ռասիստական աշխարհայացքի վերածնունդ՝ արտահայտվող ռուսաֆոբիայով, Ռուսաստանի և ցանկաացած ռուսականի բացահայտ մերժմամբ»։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը փոփոխվում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հանձնարարականի համաձայն․ Արևմուտքի որդեգրած ագրեսիվ քաղաքականությունը ստիպում է արմատապես վերանայել Մոսկվայի հարաբերությունները «ոչ բարեկամ պետությունների» հետ։
ՌԴ ԱԳՆ կոլեգիայի նիստում նշվել է նաև, որ «Վաշինգտոնը, ամբողջությամբ իրեն ենթարկելով հավաքական Արևմուտքին, հատել է անվերադարձելիության կետը՝ տարված մնալով ամեն գնով համաշխարհային գերիշխանության հասնելու և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օբյեկտիվ գործընթացը ճնշելու իր մոլուցքով»։