16/05/2022 19:10
Սևան-Հրազդան հիդրոկասկադը ջրառի ծավալների ավելացման շահագրգիռ կողմ է. արդյունքում Սևանա լճի էկոհամակարգը լուրջ խախտված է. բնապահպան
Սևանից հավելյալ ջրառի մասին դեռ շատ վաղ է խոսելը, որովհետև նման անհրաժեշտություն հիմնականում առաջանում է երաշտի ժամանակ։ Սակայն անցյալ տարի երաշտի բացակայության պայմաններում (գոնե պաշտոնապես երաշտի մասին չհատարարվեց) հավելյալ ջրառ կատարվել է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց բնապահպան Ինգա Զառաֆյանը՝ անդրադառնալով ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հայտարարությանը, որ Սևանում ջրի սակավությունը մոտ 300 մլն խմ է, ջրի մակարդակն էլ նախորդ տարվա համեմատ իջել է 25 սանտիմետրով։
Բնապահպանի խոսքով՝ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառն ապահովում է նաև Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանի գործունեությունը։
«Ինչքան ջուր էլ վերցվի Սևանից, հայտնի է, որ մոտ 70 տոկոս կորուստ է լինում՝ հիմանակոնւմ ոռոգման ցանցի շատ վատ վիճակի հետևանքով։ Բայց որ այդ ամբողջ ծավալի հաշվին Սևան-Հրազդան հիդրոկասկադում էլեկտրաէներգիա է արտադրվում, միանշանակ է, և որքան շատ ջուր լինի, բնական է՝ այնքան շատ էլեկտրաէներգիա կարտադրվի, և շահույթ կստացվի։
Այստեղից պարզ է դառնում, որ Սևան-Հրազդան հիդրոկասկադը լճից ջրառի ծավալների ավելացման շահագրգիռ կողմ է։ Ընդ որում, հիդրոկասկադին չի հետաքրքրում՝ մաքո՞ւր է ջուրը, թե՞ ոչ, բավականացնու՞մ է ոռոգման համար, թե՞ չի բավականացնում»,- ասաց Ինգա Զառաֆյանը։
Բնապահպանը նաև հիշեցրեց՝ վերջին տարիներին լճից հավելյալ ջրառը կատարվել է արդեն իսկ բացասական բալանսի պարագայում, ինչն արգելված է։
«Արգելված է, որովհետև Սևանա լիճը շատ խոցելի և նուրբ էկոհամակարգ է՝ ստրատեգիական նշանակության օբյեկտ. ոչ թե ռեսուրս, այլ, կրկնում եմ, օբյեկտ։ Այսպիսի համակարգի համար բացասական բալանսն ուղղակի կարող է շատ ծանր ազդել լճի կայունության վրա. էկոհամակարգը պետք է կայուն լինի, մինչդեռ, երբ լճի մակարդակն անընդհատ տատանվում է, շատ վատ է։
«Սևանա լճի մասին» օրենքում հենց այնպես չէ գրված, որ լճի մարադակը պետք է աստիճանաբար բարձրանա։ Դա նրա համար է, որ լիճը չճահճանա, ինչի վառ օրինակը վերջին երեք տարիներին ունենք՝ այն էլ թունավոր ջրիմուռներով»,- ասաց Ինգա Զառաֆյանը։
Բնապահպանը շեշտեց՝ թունավոր ջրիմուռները ժամանակի հետ ոչ թե վերանում են, այլ պարզապես «նստում», իսկ կենսական ցիկլի մեկնարկին զուգահեռ՝ կրկին տարածվում են Սևանա լճում։
«Արդեն երրորդ տարին է՝ չենք կարողանում այդ ջրիմուռներից ազատվել։ Սա նշանակում է, որ էկոհամակարգը լուրջ խախտված է, և իրավիճակից այլ ելք չկա, քան լճի մակարդակը բարձրացնելը։ Միայն ջրի ծավալների ավելացման պարագայում կկարողանանք լիճն ազատել տարբեր աղտոտումներից։
Ընդհանուր առմամբ, ջրիմուռների ծաղկումը ջրում ազոտի և ֆոսֆորի մեծ քանակների առկայության հետևանք է։ Մենք պետք է Սևանա լիճը լցնենք մաքուր ջրով, որպեսզի ազդող գործոնները դադարեն գոյություն ունենալ։ Իսկ մենք դա չենք անում։
Ավելին, արդեն որերորդ անգամ Սևանա լճից հավելյալ ջրառի հայտ է ներկայացվում, փաստորեն՝ օրենքի խախտմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այս տարի ոռոգման նպատակով Սևանից 170 մլն խորանարդ մետր ջուր բաց կթողնվի: