17/05/2022 18:28
Ոստիկանությանն այսօր ենիչերիների պես բաց էին թողել ժողովրդի վրա, և դա՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով. Արմեն Աշոտյան
Ոստիկանությանն այսօր ենիչերիների պես բաց էին թողել ժողովրդի վրա, և դա՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Բերման ենթարկվածների թիվը վերջին տարիների համար աննախադեպ էր, աննախադեպ էին դաժանությունն ու բռնությունները, որևէ օրինական հիմք չունեցող գործողությունները, լեփ-լեցուն ոստիկանական բաժանմունքները։ Այս ամենը վկայում է, որ Փաշինյանի իշխանության պահպանման վերջին հույսը մնացել են ոստիկանական համակարգում ծառայող, սեփական արմատներն ուրացած մի քանի հարյուր ենիչերիները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Թուրքական սուլթանների ձեռագիրն է. երբ նրանց շուրջն ամեն ինչ շատ վատ էր, իշխանությունը պահելու և սրախողխող լինելուց խուսափելու վերջին հույսը մնում էր անձնական գվարդիան՝ իրենց արմատներից կտրված, խալխի հացը կերած, սեփական պատմությունն ու ընտանիքներն ուրացած ենիչերիները։ Նույն ձեռագիրն այսօր նկատվեց ոստիկանության մի շարք ստորաբաժանումների աշխատակիցների գործարկմամբ»,- ասաց Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը միաժամանակ հիշեցրեց՝ այսօր հանրությունը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վճարած հարկերից, այն է՝ պետական բյուջեից, իրեն մատուցված ծառայության համար պարգևավճարի տեսքով «լավություն» է արել ոստիկաններին։
«Բայց վայ այն պետությանը, որի ոստիկանությունում կան ամսական «պրեմիայով» սեփական ժողովրդի և սեփական պետության ապագայի վրա ձեռք բարձրացնող ոստիկաններ», ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Արմեն Աշոտյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխանությունը վերջին օրերին լուրեր է տարածում՝ իբր պայքարի շարժումը մարում է, և մարդիկ ցույցերի և երթերի չեն գալիս։
«Բա մարող շարժման նկատմամբ այսպիսի բիրտ ո՞ւժ են կիրառում։ Ինչպե՞ս մարդ չի գալիս, եթե պաշտոնական տվյալներով միայն 414 հոգու բերման են ենթարկել։ Այսինքն՝ իշխանության կողմից հրամցվող իրականության և փաստացի իրականության միջև ակնհայտ խզում կա, որը լցված է Նիկոլի պաթոլոգիկ վախերով»,- ասաց հանրապետական գործիչը։
ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց իրեն և իր ընկերներին բերման ենթարկելու դրվագը, երբ ոստիկանները թույլ չտվեցին անգամ ծաղիկներ խոնարհել Օղակաձև զբոսայգում գտնվող Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշարձանին։
«Իմ բոլոր կոչերը՝ թույլ տալ, որ մենք մեր գործողությունն ավարտենք, ի չիք դարձան, որովհետև այսօր բանականության նշույլ չունեցող, սեփական անցյալը մոռացած մանկուրտների հավաքածու էր հարձակվել մեզ վրա։ Կներեք բառիս համար, բայց նրանցից ոմանք «եզ կերած, եզ մեծացած» էակներ էին։ Նրանք պատիվ չեն բերում ոստիկանության համակարգին, որի ճնշող մեծամասնությունը շատ լավ հասկանում է, թե ինչ խորը արհավիրքի մեջ է պետությունը, և ինչ չարիք է Նիկոլը»,- ասաց մեր զրուցակիցը։
Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ անգամ «պրեմիաները», իշխանական սեղանից մնացած թերմացքները ոստիկանության ճնշող մեծամասնության վրա չեն ազդում։
«Ամեն դեպքում, համակարգում կան բրոյլերային տիպեր, որոնց, երևի, հորմոնալ կերակուրով են սնում, որպեսզի ավելի ագրեսիվ լինեն՝ Сила есть — ума не надо սխեմայի մեջ աշխատելու սեփական ժողովրդի դեմ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն այսօր ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ մեկ օրվա ընթացքում վարչական ձերբակալվածների քանակով այսօր ՀՀ ողջ պատմության ընթացքի «ռեկորդն» է սահմանվել։
«Հիշեցնեմ, որ ոստիկանությունն այսօր ձերբակալել է 417 արժանապատիվ քաղաքացու», - գրել էր Բաբայանը։