
17/05/2022 19:37
Մարդկանց ձեռքերը կոտրած ոստիկանները գիտեն, որ խրախուսվելու են և որևէ պատասխանատվության չեն ենթարկվելու. Իրավապաշտպան
Հայաստանում ոստիկանությունը գործում է ոչ թե օրենքով, այլ ցուցումով, և դա հենց օրենսդրությամբ է այդպես։ Ես նկատի ունեմ ոչ թե «Ոստիկանության մասին» օրենքը, որը թղթի կտոր է և կարելի է ընդամենը զուգարան տանել, այլ իրականում ոստիկանությունը վարչապետին կից կառույց է և գործում է նրա ցուցումով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված գործողություններին։
«Վարչապետը ոստիկանությանն անօրինական գործողություններ կատարելու ցուցումներ տալիս է դեռևս 2018 թվականից․ օրինակ՝ ասֆալտին փռել մարդկանց, և Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն, դատախազությունը և Հակակոռուպցիոն կոմիտեն, որոնք պետք է այդ անօրիանական գործողությունների հետ կապված գործեր հարուցեին, նույնպես գործում են վարչապետի ցուցումով։
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ իր բռնի գործողություններն իրականացնելիս վստահ է, որ որևէ հետևանք չի լինելու, և ամենավայրենի գործողությունները կատարած ոստիկանները ոչ միայն չեն պատժվի, այլ նույնիսկ խրախուսանքի կարժանանան՝ և՛ պարգևավճարի, և՛ պաշտոնի բարձրացման ձևով»,- ասաց իրավապաշտպանը։
Ավետիք Իշխանյանի խոսքով՝ սա է այսօրվա իրականությունը, և ոստիկանության այսօրվա գործողությունները վվկայում են՝ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին հստակ ցուցում է տվել անցնել ամենաբռի գործողությունների։
«Այն ոստիկանները, ովքեր այսօր կոտրել են մարդկանց ձեռքերը և հարյուրավոր մարդկանց բերման են ենթարկել, գիտեն, որ այդ ամենը խրախուսվելու է, և իրենք որևէ պատասխանատվության չեն ենթարկվելու։ Այդ խրախուսանքը մեր հարկերի հաշվին տրվող հսկայական գումարներն են, որի արդյունքում ՀՀ պետական պարտքը տարեցտարի միլիարդներով ավելանում է, և հայ ժողովուրդն ընկնում է հսկայական պարտքերի տակ։
Մինչդեռ իշխանությունը, իրենց ընտանիքներով, պետական բյուջեի հաշվին վայելում է կյանքը, և իրավապահ կառույցները, ոստիկանության հետ միասին, շռայլորեն վարձատրվում են։ Այս ամենի դեմ իրավական ճանապարհով պայքարելը անիմաստ զբաղմունք է. պետք է հետևողականորեն, առանց հուսահատվելու քաղաքական պայքար տանել»,- ասաց իրավապաշտպանը։