
17/05/2022 19:17
Վահագն Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին
Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը պարգևատրվել էր Երախտագիտության մեդալով, հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այդ պարգևը հանձնել է Ժոզե Ավելինու Բետանկուրին:
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է հանձնում Հայաստանի Հանրապետության պետական պարգևը, որը լավագույնս է արտահայտում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Ժոզե Ավելինու Բետանկուրի ունեցած նշանակալի ավանդը։ «Համոզված եմ, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար որևէ խոչընդոտ չի առաջանա, քանի որ դա երաշխավորվում է ամենաբարձր մակարդակով և այնպիսի մարդկանց մասնակցությամբ ինչպիսին Դուք եք»,- ասել է նախագահ Խաչատուրյանը՝ շնորհավորելով և հաջողություններ մաղթելով Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին:
Ժոզե Ավելինու Բետանկուրը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է աշխարհում առաջին քրիստոնյա երկրի նախագահի կողմից նման պարգևի արժանանալ»,- նշված է հաղորդագրությունում: